Ադրբեջանի տարածքով Հայաստան ղազախական ցորենի ներմուծումն առաջիկայում իրականություն կդառնա։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
«Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո մեր նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացել է։ Մասնավորապես, Ղազախստանի հետ մենք շատ ինտենսիվ քննարկումների մեջ ենք. այժմ մենք պատրաստվում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Ղազախստան»,– ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ այս պահին ինտենսիվ քննարկումներ ունեն Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ` լոգիստիկ, էներգակիրների, օդային չվերթերի վերականգման հետ կապված։
«Իհարկե, մեր ինտենսիվ հարաբերությունները մնացել են ՌԴ-ի հետ։ Ռուսաստանը շարունակում է մնալ տնտեսական մեր կարևոր գործընկերը»,– հայտարարեց Միրզոյանը։
Նախարարն ավելացրեց, որ ԱՊՀ շրջանակում ՀՀ գործընկերությունը ևս շատ ինտենսիվ փուլում է։ Բացի այդ, Հայաստանն իր ակտիվ ներգրավվածությունը շարունակում է նաև ԵԱՏՄ շրջանակում։
Նրա խոսքով` Հայաստանի համար կարևոր է նաև ԵԱՏՄ–ի և այլ երկրների (Չինաստան, Իրան) միջև եղած կապերը։
Միրզոյանը տեղեկացրեց, որ ՌԴ գործընկերների հետ քննարկել են նաև բեռնատարների հայաստանցի վարորդների խնդիրը և առաջիկայում դրական լուծումներ են սպասում։
Sputnik Արմենիա
