Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կրկին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծրարով գումար տալու և «Հայկական ժամանակ» թերթը ֆինանսավորելու մասին։ «Ֆեյսբուքի» իր էջում հերթական գրառմամբ նա քննադատել է ոչ միայն Փաշինյանի, այլև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, որոնք, ըստ նրա, այսօր խորհրդարանում խոսում են ամեն ինչի մասին, բայց արդեն մոռացել են Արցախի, արցախահայերի, Բաքվի գերիների, գոյաբանական մարտահրավերների մասին։
Ինչպես հայտնել ենք, հունվարի 21-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե ընդդիմության շարքերից շատերը ծրարով գումար են ստացել Միքայել Մինասյանից, հայտարարեց, որ Հայաստանում մինչ այս պահը միայն մեկ արձանագրված դեպք կա Միքայել Մինասյանից փող վերցնելու, և դա արել է Նիկոլ Փաշինյանը, երբ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր։
Միքայել Մինասյանի խոսքով՝ այսօր տիրաժավորում է 6 տարվա հնության և կոնտեքստից հանված մի դրվագ՝ ձևախեղելով, մանիպուլացնելով և ստելով։ Մինասյանը հաստատել է 2020թ․ իր «խոհանոցային» եթերներից մեկի ժամանակ հայտնած տեղեկությունները, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակով» փող են աշխատել մարդկանց մասին հերյուրանքներ չտպագրելու պայմանով։ Ըստ նրա՝ երբ իր դուստրը 2-3 տարեկան էր, մի անգամ իրեն հանդիպել է Փաշինյանի ընտանիքի մտերիմ, լրագրող Հայկ Գևորգյանն ու ասել՝ եթե Մինասյանը չի ուզում իր ընտանիքի մասին նման հոդվածներ լույս տեսնեն, ապա պետք է «ինչ–որ քայլ անի»։
Մինասյանն էլ համաձայնել է գործարքի գնալ ու «Հայկական Ժամանակի» չվաճառված ամսական թերթերը «գնել», որպեսզի վերադարձ չլինի։ Մինասյանը նման քայլի է գնացել, իր խոսքերով, որպեսզի «Փաշինյանը չմտնի իր ընտանիք»։
«Կրկնում եմ այն, ինչ ասել եմ՝ ի տարբերություն ձեզ՝ նիկոլականներիդ ու քոչարյանականներիդ, ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, չեմ թաքնվում բառերի հետևում ու չեմ մանիպուլացնում: Ի տարբերություն ձեզ՝ ես սեփական սխալի մասին ինքնակամ խոսելու կամք ու համարձակություն ունեմ: Իմ բոլոր սխալները մարդկային են: Ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող, ինքնամոռաց չեմ փորձել օգտվել հեղափոխությունից, իսկ վերջում չեմ լեգիտիմացրել կապիտուլյացիան և Արցախը հանձնողին (առաջին երեքը գիտակցաբար, վերջին երկուսը՝ անկարողությունից)»,- գրում է Մինասյանը։
Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ծրարով գումար տալու հետ կապված կա հարուցված քրեական գործ, որի մասին ՀՀ իրավասու մարմինները կտան անհրաժեշտ պատասխաններ։
Sputnik Արմենիա
