Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց դատավճիռը։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով։ Իսկ սեպտեմբերի 29-ին՝ լրացուցիչ դատալսման ժամանակ, դատախազը միջնորդեց սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Դատարանը վճռեց Գևորգ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց Մելիքսեթյանը։
Պատժի սկիզբը կհաշվարկվի սրբազանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Սրբազանը ծիծաղով ընդունեց դատարանի վճիռը, իսկ դատական նիստի ներկաները՝ դատավորին ուղղված «ամո՛թ» վանկարկումներով։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա