Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը, որը ներկայացրեց պաշտպանական կողմը։
Պաշտպաններից Երեմ Սարգսյանը ներկայացրեց նաև դիմում-միջնորդություն Շիրակի թեմի հավատավորների կողմից։
«Մենք՝ հավատավորներս, 8 ամսից ավելի է՝ չենք կարողանում բավարարել մեր հոգևոր պահանջմունքներն այն պատճառով, որ սրբազան հայրը կալանքի տակ էր գտնվում, իսկ այժմ տնային կալանք է, որն ուղեկցվում է խիստ սահմանափակումներով։ Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին և սուրբ պատարագներին մասնակցելու իրավունքից, որոնք համարվում են միասնական աղոթքի դրսևորման ձևեր։ Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատավորներիս վրա, տուժում է հավատացյալներիս կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը․․․»,- նշված է խնդրագրում։
Այդուհանդերձ, դատարանը պահպանեց Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը, թույլատրեց մասնակցել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չթույլատրեց:
Միքայել սրբազանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 14։30-ին։
Sputnik Արմենիա
