Դատաիրավական համակարգը կատարեց իշխանության պահանջը։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Միքայել սրբազանին ազատազրելու որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
«Ամբողջ իշխանական քարոզչամեքենան, Նիկոլի ստորադաս դատաիրավական համակարգը՝ գլխավոր դատախազի, քննչականի պետի և բոլոր-բոլորի գլխավորությամբ, քաղաքական պատվեր էին կատարում։ Պետք էր այս իշխանությանը, որ բոլոր հայրենասեր, հայրենատեր, խոսքի կշիռ ունեցող, հասարակության կողմից այդ խոսքն ընդունող բոլոր ակտիվ գործիչներն անազատության մեջ լինեն, լռեցվեն։ Սա առաջինն է, բայց վերջինը չէ, ու այսպես շարունակվելու է։ Սրան հաջորդելու են կուսակցությունների դեմ արշավներ, արգելումներ, որ փոքրիկ ֆյուրերը պատրաստվի իր համար սարսափազդու ընտրությունների, որ հետագայում շարունակի կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ է արձագանքել է դատարանի որոշմանը՝ ասելով, թե անկախ ամեն ինչից, չէր պատկերացնում, որ Միքայել սրբազանին երկար ժամանակով ազատությունից կզրկեին։
«Ճիշտ է՝ որևէ մեկս օդից չենք իջել, և փաշինյանական այսօրվա իրականությունը լավ գիտենք, բայց ես կարծում էի, որ կա՛մ պայմանական կտան, կա՛մ փոքր ժամկետով կազատազրկեն։ Մարդկային ողբերգություն է պատկերացնել այն դատավորի, դատախազի, քննիչի հոգեվիճակը, ովքեր կարող էին այսպիսի պատկեր ստեղծել։ Սրբազանի մասով հանգիստ եմ՝ խնդիր չունի նստելու, ես մտածում եմ ստեղծվող վատ նախադեպի, Մայր աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին»,- նշել է Աբրահամյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կարծում է, որ սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախ և առաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգով Ավետիք Չալաբյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց` իշխանությանը դիմադրելու են` չեն կոտրելու, բանտերով և հետապնդումներով իրենց չեն վախեցնելու։
«Միքայել սրբազանն ինչ-որ իմաստով, խորհրդանիշ է․ խորհրդանշում է և՛ Հայ առաքելական եկեղեցին, և՛ մեր մտավորականությունը, և՛ մեր պայքարող ու, միևնույն ժամանակ, հոգևոր տեսակը։ Խայտառակ դատավճիռը, որ այսօր արձակվեց, Միքայել սրբազանի մասին չէ, դա մեր բոլորի, մեր եկեղեցու, հայ մնալու, մեր ինքնությունը պահպանելու մասին է։ Եթե երկրում իշխանությունը հայտնվել է խամաճիկային բռնատիրության ձեռքում, իսկ իրենք թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկներն են, պետք է փորձեն հնարավոր բոլոր միջոցներով ջարդել դիմադրությունը երկրում, ահաբեկել այդ դիմադրությունը կրողներին և դիմադրության խորհրդանիշները։ Դրանով է պայմանավորված այս բացարձակ անհեթեթ դատավճիռը»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ սոցցանցերի իր էջում ասել է, թե այս պահից «Նիկոլ Փաշինյանը դարձավ արքեպիսկոպոս դատած վարչապետ»։
«Այսօր Կենտրոն ՔԿՀ-ում տեսակցել եմ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Շուրջ 1.5 ժամ զրուցել եմ սրբազանի հետ մեր հավատքի, նրա անցած ճանապարհի և ստեղծված իրավիճակի մասին։ Եվ ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու» ,– մինչև դատարանի վճիռը այս բովանդակությամբ մեկ այլ գրառում էր արել Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։