Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդաց վերդիկը։
Դատարանի գնահատմամբ` մեղադրող կողմի փաստերը բավարար էին ապացուցելու, որ Միքայել Սրբազանը լրատվամիջոցներով հեղաշրջման կոչ է արել։
«Դատարանի գրավոր հետևությունն այն է, որ Գևորգ – Միքայել Արտաշեսի Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով: Վերդիկտով նաև խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` իր սահմանափակումներով»,– վերդիկը կարդաց Արմինե Մելիքսեթյանը։
Դատարանը լրացուցիչ դատական լսումների օր նշանակեց սեպտեմբերի 29–ին `ժամը 15։30։ Այդ օրը կհրապարակվի, թե սրբազանն ինչ պատիժ կկրի։
Դատական նիստը նույնիսկ 5 րոպե չտևեց։
Սրբազանը դատարանի դահլիճից հեռանալիս դիմեց աջակիցներին․ «Բանի տեղ մի՛ դրեք, լավ է լինելու»։
Աջակիցների արձագանքը բուռն էր. դատարանում և դահլիճից դուրս նրանք վանկարկում էին «ամոթ»։
Երեկ` վերջին դատական նիստին, սրբազան ասել էր իր դեմ հարուցված քրեական գործով վերջին խոսքը` հայտարարելով, թե երջանիկ է և փառք է տալիս Աստծուն, որ հենց մեղադրյալի աթոռին է։
Սրբազանի պաշտպանական թիմը բոլոր նիստերին ու եզրափակիչ ելույթներում պնդել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից կոչ չի եղել։
Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։
Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա