Միքայել և Բագրատ Սրբազանները դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել։
«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ։
գ) մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս: «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39)»:
News.am
