10 օր է անցել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից, որը ցնցեց և շարունակում է ապշեցնել հայ հասարակության ողջամիտ հատվածին իր անհեթեթությամբ ու անմարդկայնությամբ: Եվ ավելի ու ավելի հաճախ մտքումդ զուգահեռներ են անցնում մեկ այլ դեպքի հետ, որը նույնպես տեղի ունեցավ ապրիլին, բայց 4 տարի առաջ։ Հղի Սոնա Մնացականյանին կառավարական ավտոշարասյան մահացու վրաերթի գործը և առողջական խնդիրներ ունեցող դպրոցականի քրեական հետապնդման գործը, որի ողջ «մեղքն» այն է, որ նա նույնպես պատահաբար հայտնվել է Փաշինյանի ճանապարհին:
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՈՂՋ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՈՂՋ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՐՁ՝ այս երկու գործերը մեկ բանի մասին են. բարոյականության, օրենքի և թույլատրելիության բոլոր սահմանները ոտնահարած և իշխանության ու հարստության պարանոիդ-անսանձ ձգտման մոլուցքով բռնված մարդկանց խմբի հավաքական կերպարի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Եվ այդ ձգտման գնի մասին, որն այսօրվա Հայաստանում չափվում է իշխանական հանցախմբի կողմից բացարձակ զրոյի հավասարեցված մարդկային կյանքով։
Դավիթ Մինասյանի հետ կատարվածի տարբեր տեսանկյունների մասին արդեն շատ բան է ասվել։ Նիկոլի բարդույթները՝ կապված 44-օրյայի սպանդի գիտակցաբար ուղարկված 18 տարեկանների սերնդի հետ, սեփական անձի համար վախի մոլուցքը և վախ ներշնչելու ցանկությունը բոլոր նրանց, ում թեկուզ մտքի ծայրով կանցնի ոտնձգել իր և իր իշխանության դեմ, այդ սուբյեկտին բնորոշ քինոտությունը, վախկոտությունն ու ստորությունը, անշուշտ, լիովին դրսևորվել են նրա ողջ պատժիչ (բնավ ոչ իրավապահ) համակարգի վարքագծում։
Բայց կա ևս մեկ տեսանկյուն, որի մասին քիչ է խոսվում, մինչդեռ հենց այս հանգամանքն է, հավանաբար, առավելագույնս բնութագրում նիկոլական պաշտոնյաներին Դավիթի հետ կապված իրավիճակում: Այն է՝ դրա մեջ տարբեր չափով ներգրավված գերատեսչությունների բոլոր ղեկավարները կանայք են։
Գլխավոր դատախազը, ներքին գործերի, արդարադատության, կրթության, առողջապահության նախարարները, վերջապես՝ մարդու իրավունքների պաշտպանը. նրանք բոլորն էլ այն սեռի ներկայացուցիչներ են, որը, ինչպես ենթադրվում է, տարբերվում է արականից անհամեմատ ավելի մեղմ էությամբ, բարությամբ, փեփկասրտությամբ, կարեկցողությամբ, գթասրտության հակումով, թելադրված, բացի ամենից՝ նաև մայրական բնազդով:
Վերոթվարկյալ հատկանիշներից ոչ մեկը չցուցաբերեցին նշված գերատեսչությունների կին ղեկավարներից ոչ մեկը։ Վեցյակից հինգը անտարբեր ու անմասն նայում են անմեղ դպրոցականի ֆիզիկական ու հոգեկան տառապանքներին և բացարձակ կամայականությանը նրա նկատմամբ, իսկ վեցերորդը՝ օմբուդսմենը, ստիպված արձագանքեց դատարկ ու անբովանդակ հայտարարությամբ՝ լոկ ձևի համար։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ասելով լրագրողներին, թե չափազանց զբաղված է: ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը սառնասրտորեն հայտարարեց, որ ստացել է տղայի մոր դիմումը և այն «կքննարկվի սահմանված ընթացակարգով»: Գլխավոր դատախազ Վարդապետյանը հրաժարվեց դուրս գալ շենքից՝ Դավիթին ազատ արձակելու պահանջով իր գերատեսչության մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց հետ խոսելու, ողորմածաբար հայտարարելով, որ թույլ կտա նրանցից երկուսին ներս մտնել և իրեն հանձնել նամակը: Ասենք, հասկանալի է, որ սույն տիկինն էլ մտադիր չէ որևէ բան փոխել հիվանդ երեխայի դեմ մեղադրանքի և խափանման միջոցի մեջ, նույնիսկ տեսակցելու թույլտվություն տալ մորը:
Նրա մայրը առաջին օրերին գրում էր, դիմում, խնդրում, աղաչում, արտասվում, բացատրում Վարդապետյանին ու Մանասյանին իրավիճակի ողջ վտանգը որդու առողջության համար. զրո արձագանք։ Տղայի դասընկերները մի քանի անգամ ակցիաներ են անցկացրել ի պաշտպանություն ընկերոջ, խնդրելով մեկ բան՝ կարեկցանք և ըմբռնում: Զրո արձագանք: Այդ կանանց ոչինչ չի հետաքրքրում, բացի սեփական անձից ու շեֆից, որն ապահովում է իրենց անձնական բարեկեցությունն ու հարմարավետ, ապահով կյանքը:
Բաց աղբյուրներից հայտնի է, որ նրանցից առնվազն չորսը նույնպես մայրեր են։ Բայց ակներև է, որ նրանց հետաքրքրում են բացառապես և միմիայն սեփական երեխաները: Մնացած բոլորը՝ այնքանով, որքանով առնչվում են Նիկոլի և նրա, ուրեմն նաև իրենց իշխանության և դրա հետ կապված բոլոր բարիքների ու արտոնությունների պահպանման հետ։
Բացարձակ ապամարդկայնացում. սա է դատավճիռն այս հանցավոր ռեժիմին։ Եվ կրկնակի դատավճիռը փաշինյանական թիմակցուհիներին, որոնք ապազգային քաղաքականության ոչ միայն ակտիվ աջակիցներն ու հանցակիցներն են, այլև այդ ճանապարհին կորցրել են այն ամենը, ինչը կնոջը դարձնում է կին, այլ ոչ թե անհոգի ու անզգամ ռոբոտ։
Երեկ Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և գանգուղեղի փակ վնասվածք՝ Փաշինյանի թիկնապահի հարվածի հետևանքով: Ընդ որում նա մի քանի անգամ հուսահատ կրկնեց. «Նա շատ վատ է, շատ…»։ Բայց… վարդապետյանական դատախազությունը, ինչպես պարզվում է, որոշել է… է՛լ ավելի խստացնել Դավիթի պատիժը։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂՈՐԴԵՑ ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ «18-ԱՄՅԱ ԴԱՎԻԹԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև… հսկող դատախազը»: «Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը – ո՛չ, ի վնաս է։ …է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»,- գրել է փաստաբանը։
Անհնար է բառեր գտնել՝ բնորոշելու համար երիտասարդի ճակատագրի նկատմամբ սառը անտարբերությամբ Վարդապետյանի ու իր ընկերուհիների ձեռնարկած գործողությունները, նույնիսկ «շառ»-ը այստեղ չափազանց մեղմ գնահատական է թվում։ Թե ինչպես են դեռևս երիտասարդ կանայք ապրելու այդ մեղքը հոգում՝ զուտ հռետորական հարց է և, ամենայն հավանականությամբ՝ անհասանելի նրանց ուղեղին։ Քանզի նրանք գործին ու Դավիթ Մինասյանին ակնհայտորեն դիտարկում են բոլորովին այլ չափորոշիչներով և այլ դիրքերից. այնպիսի, ինչպիսին դավանում է Նիկոլի ու իր ՔՊ-ի կաստան, իսկ ավելի ճիշտ՝ աղանդը։
… Մինչդեռ գործում ներգրավվում է ևս մեկ կին՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը։ Հենց նա է քննելու հիվանդանոցում պառկած և սաստիկ գլխացավերից, թուլությունից և գլխապտույտից տանջվող 18-ամյա դպրոցականի կալանավորման վերաբերյալ բողոքը: Որը նաև հոգեպես է տառապում հաղորդություն ստանալու հնարավորության բացակայության պատճառով։ Թե կմիանա արդյոք Ղուկասյանը անսիրտների կաստային, պարզ կդառնա շատ շուտով։
Ավարտենք նրանով, ինչով սկսեցինք. Սոնա Մնացականյանի և Դավիթ Մինասյանի գործերի միջև զուգահեռներով։ Սոնայի ու նրա չծնված երեխայի մահվան պատճառ դարձած Նիկոլի ավտոշարասյան ոստիկանը մի օր անգամ չանցկացրեց բանտում, քանի որ գտնվում է գլխավոր հանցագործի հովանավորության տակ։ Դավիթին հարվածած և դպրոցականի գանգուղեղային վնասվածքի պատճառ դարձած թիկնապահը, բնականաբար, պատասխանատվության չի ենթարկվի: Չէ որ նա դպրոցականից պաշտպանել է նույն այդ գլխավոր հանցագործին։
