Логотип

Մշուշոտ ճակատագրով հերթական գործը․ ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգման մասին հաղորդմանն ընթացք է տրվել

Ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման վերաբերյալ հաղորդումը դատախազությունը ստացել է, ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման վերաբերյալ։ Խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատ է, որին, ըստ հրապարակման, խոշտանգել են, որ անձը ներկայանա։ Ըստ հրապարակման՝ խոշտանգելով ցուցմունք կորզողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է, նշվում է, որ վերջինս գործել է Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է հրապարակմանը՝ նշելով, որ  ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Միևնույն ժամանակ, առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ստացվել է, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:

Թե ինչ ընթացք կունենա վարույթը՝ ցույց կտա ժամանակը, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման գործերը քննչական մարմիններում սովորաբար ծածկադմփոց են արվում, նման օրինակները, ցավոք, շատ են, վառ օրինակ է՝ Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնությամբ բերման ենթարկելու վերաբերյալ գործը, որն արդեն երկրորդ անգամ է կարճվում, տեսախցիկների դիմաց գործող ոստիկաններին ՔԿ-ն այդպես էլ չի նույնականացրել և որևէ հետապնդում նրանց նկատմամբ չի հարուցվել։

Համանման վիճակ է Սամվել Վարդանյանի խոշտանգման գործով, որը շուրջ երկու տարի քննվում է, սակայն որևէ անձի այդպես էլ մեղադրանք չի ներկայացվել։ Որոշ բռնարար ոստիկաններ անգամ հետագայում նորից վերադառնում են համակարգ։