Իրանական կողմն ԱՄՆ–ին առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել «եվրաեռյակի» նախարարների և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ, սակայն ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը չի ներկայացել հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Մարդիկ պետք է իմանան, որ Իրանն Ուիտկոֆին առաջարկել էր ուղիղ բանակցություններ վարել եվրոպացի երեք նախարարների, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ։ Միակ մարդը, որ չէր ներկայացել Այդ հանդիպմանը, պարոն Ուիտկոֆն էր»,-ասել է Մոհաջերանին։
Նա հավելել է, որ Իրանը «եվրաեռյակին» առաջարկել էր 45 օրով հետաձգել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը, որը, ըստ Մոհաջերանիի, ի վերջո մերժվեց Իսրայելի ճնշման պատճառով:
Հիշեցնենք` սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ ենթադրող և 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
Ռուսաստանը, ինչպես և Իրանը, չի ընդունում այդ գործողությունների օրինականությունը՝ վկայակոչելով եվրոպական երկրների կողմից 2015 թվականի միջուկային գործարքի բազմակի խախտումները, ինչպես նաև դրանից ԱՄՆ-ի դուրս գալը: Իրանը պետություններին կոչ է արել չհետևել բանաձևերի կատարմանը։
Sputnik Արմենիա