Логотип

Մոջթաբա Խամենեին ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Ռուսաստան և այնտեղ վիրահատվել

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խիստ գաղտնի գործողության շրջանակում ռուսաստանյան ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է քուվեյթական Al-Jarida պարբերականը՝ հղում անելով Խամենեիին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրին։

Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել նրա առողջական վիճակի և Իրանում անվտանգության հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։ Ռուսաստան ժամանելուն պես նա հաջող վիրահատության է ենթարկվել, ինչից հետո բուժում է ստանում նախագահական պալատներից մեկում տեղակայված հիվանդանոցում:

Աղբյուրի տվյալներով, Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած «առաջին օդային հարվածների» ժամանակ: Նրա բուժման համար անհրաժեշտ են եղել գերժամանակակից սարքավորումներով հիվանդանոց, մանրակրկիտ բժշկական հսկողություն և հատուկ վերահսկողություն. մի բան, որն, ըստ պնդումների, հնարավոր չէր ապահովել Իրանում՝ շարունակվող ինտենսիվ ռմբակոծությունների և սպառնալիքների պատճառով:

Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ Իրանի անվտանգության ծառայությունները վախենում էին Խամենեիի գտնվելու վայրի բացահայտումից՝ այն բժիշկներին և մասնագետներին հետևելու միջոցով, որոնք կարող էին նրան բուժել, ուստի որոշում է կայացվել նրան ուղարկել Ռուսաստան:

Պարբերականի աղբյուրի վկայությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է առաջարկել բուժումը Ռուսաստանում՝ իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Իրանցի պաշտոնյաների քննարկումից հետո առաջարկն ընդունվել է: Խամենեին տեղափոխվել է հինգշաբթի երեկոյան և բուժվում է ռուսաստանցի բժիշկների կողմից՝ իրանցի մասնագետների ուղեկցությամբ։

Իրանի բարեփոխական թևին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր Al-Jarida-ին հայտնել է, որ Խամենեիին վերագրվող առաջին ուղերձը գրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին. այն համընկնում է նրա նախկին հայտարարությունների հետ, ինչը կասկածներ է հարուցում, որ տեքստի հեղինակն անձամբ Խամենեին է եղել։

Ըստ այս աղբյուրի, Խամենեին նույնիսկ չի տեսել իր ելույթի տեքստը, իսկ նրա բացակայությունը հանրության առջև և ձայնագրության բացակայությունը սաստկացնում են այդ կասկածները։

Al-Jarida-ն նաև մեջբերում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը, որը, պատասխանելով Խամենեիի առողջական վիճակի մասին հարցին, ասել է. «Ես նրան կյանքի երաշխիք չեմ տա»: Սա ընկալվել է որպես ակնարկ, որ իսրայելական հետախուզությունը սեփական տեղեկություններն ունի նրա վիճակի մասին։

News.am