Կրեմլում հնարավոր որոշում է կայացվել սահմանափակել գործող վարչակազմի հետ փոխկապակցված բիզնեսների, ընկերությունների և մշակութային կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հիշեցրել է, որ ապրիլի 7-ին դադարեցվել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, որի միջոցով ալկոհոլային խմիչքներ էին արտահանվում ՌԴ։ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ» դատարան է դիմել ընկերության լիցենզիան չեղյալ հայտարարելու և այն կասեցնելու համար:
Պարբերականի փոխանցմամբ՝ այս որոշումը հնարավոր է կապ ունենա Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից հետո կողմերի միջև լարված զրույցին։
Ըստ թերթի՝ պաշտոնական Մոսկվան հանգել է այն կարծիքին, որ Փաշինյանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն այս փուլում հնարավոր չէ, ինչի պատճառով էլ ռուսական կողմն անցել է գործնական քայլերի։
Լրատվամիջոցը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «անցանկալի անձանց կարգավիճակում» (պերսոնա նոն գրատա), չնայած ռուսական կողմի հետ ունեցած նախկին կառուցողական հարաբերություններին։
Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկել էին հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը: Հանդիպման բաց հատվածը տևել է մոտ 40 րոպե, փակը՝ մոտ երկու ժամ: Գնահատելով հանդիպման արդյունքները՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Փաշինյանը Մոսկվայում հանդես է եկել անկախ և ինքնիշխան պետության դիրքերից: Ռուսական կողմից ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրույցն անվանել է անկեղծ, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Երևանը հասկացել Մոսկվայի մտահոգությունները:
Armenia Today
