Վաշինգտոնյան համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Սյունիքում սկզբնական շրջանում իրավիճակը կլինի բավականին լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը կհայաթափվի։ Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
ՆԻնչպես հայտնի է, օգոստոսի 8–ի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
«Գիտեմ, որ այն ներկայացվում է որպես դրական, սակայն դա այլ բանի է վերաբերելու։ Երբ փաստաթղթերը կյանքի կոչվեն, կհասկանաք։ Ես ենթադրում եմ, որ այդ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները կհատեն ՀՀ ինքնիշխան սահմանը, իսկ ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքից Հայաստանի տարածք կկարողանան գնալ Ադրբեջանի տարածքով։ Ով աշխարհագրությունից տեղյակ է ու գիտի բնակչության բաշխվածությունը, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակը, պետք է հասկանա, որ դա 1-ը 20 հազարի հարաբերակցություն է»,– մանրամասնեց նա։
Հակոբյանը Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի ամենավտանգավոր կետը համարեց փոխադարձության սկզբունքը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից։
«2022 թվականի ռազմական գործողությունների ընթացքում այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,– հավելեց Մովսես Հակոբյանը։
Sputnik Արմենիա