Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկաթուղու երկու հատվածների վերանորոգումը իրականացնելու է ռուսական կողմը, թե այլ սցենար է դիտարկվում։
«Իմ տպավորությունը այնպիսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք։ Կարծում եմ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, եթե ինչ-որ հարցեր խանգարեն, չնայած իմ ըմբռնումը այնպիսին է, որ պիտի հարցեր չլինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով խանգարեն, այդ դեպքում, եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է, ինչ ուղղությամբ մենք շարժվում ենք»։
Ճշտող հարցին՝ ռուսական կո՞ղմն է ներդրումը անելու, նախարարը դրական պատասխան տվեց. «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո։ Իմ ունեցած, տպավորությունը, որը ես ստացել եմ աշխատանքային պրոցեսների արդյունքում, մենք մոտ ենք էս հարցով պայմանավորված ձեռք բերելուն։ Բայց քանի որ խոսքը երկու կողմերի մասին է, թույլ տվեք ժամանակից առաջ չընկնեմ և երբ որ գա պահը, դրա մասին հայտարարելու կհայտարարվի։ Եթե կանի ռուսական կողմը, ապա կանի ռուսական կողմը, եթե չէ կանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Բանակցություններում ներգրավված է նաև մեր նախարարությունը, իմ տեղակալ պարոն Սիմոնյանը, ով համակարգում է տրանսպորտի ոլորտը, ինքը ակտիվ քննարկումներ ունի Ռուսաստանի գործընկերների հետ այս մասով»։
News.am
