ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանն առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակցի ամուսնուն` պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածք։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։
Բադոյանի պատմելով` միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին. կադաստրի աշխատակիցը, որին փորձել են աշխատանքից ազատել, հրաժարվել է ազատման դիմում գրել, քանի որ դա համարել է անօրինական պահանջ։
«Աշխատակցի համառ դիմադրությանը հետևել է կոշտ զրույց, իսկ հետո ամուսնու ձայնային հաղորդագրությունը` ՀՀ կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին, ինչից բորբոքվել ու ինքնատիրապետումը կորցրել է, փաստորեն, պարոն Սուրենը` Նիկոլի պաշտոնյան, ու իր իսկ հրահանգով էլ, ըստ ամենայնի, առևանգել են կադաստրի սույն աշխատակցու ամուսնուն, դաժանաբար ծեծի ենթարկել ու անկողին գցել մարմնական ծանր վնասվածքներով»,– գրել է Բադոյանը։
Դեպքի վերաբերյալ Sputnik Արմենիան փորձեց տեղեկություն ստանալ ՀՀ ՆԳՆ–ից։ Կառույցից հայտնեցին, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։
«ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,– ավելացրին նախարարությունից։
Ավելի ուշ հաղորդագրոթյուն տարածեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեն` հերքելով հրապարակված տեղեկությունը։
«Տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից նաև հորդորել են զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։