Логотип

«ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏԻՎ ԷՖԵԿՏԻ» ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն ինքը հավատո՞ւմ է վերջին տեսաուղերձում իր պատմած հեքիաթին։ Այն մասին, թե Իլհամ Ալիևի հետ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերը փոխեցին ողջ Հարավային Կովկասը։ Թե եկել է խաղաղության դարաշրջան: Թե Հայաստանը կստանա նոր բաց կոմունիկացիաներ, նոր խողովակաշարեր և կսկսի ծաղկել։ Այն մասին, թե արդեն պետք չէ ասել՝ «Ամեն ինչ լավ կլինի»։ «Ամեն ինչ արդեն լավ է»:

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԵՍ ԱՆՈՒՄ, ՆԻԿՈԼ ՎՈՎԱԵՎԻՉ։ ՔՈ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ։ Պատերազմ բերեցիր: Տանուլ տվեցիր պատերազմը: Հանձնեցիր Իրան տանող ճանապարհը։ Կորցրեցիր մի շարք սահմանամերձ տարածքներ։ Զիջեցիր տարածքները Հայաստանի հյուսիսում։ Կուլ տվեցիր Արցախի էթնիկ զտումը։ Կուլ տվեցիր պատանդների և ռազմագերիների դատավարությունը: Հիմա ահա պարտավորություն ես ստանձնել Հայաստանի տարածքով անարգել տարանցում տրամադրել Բաքվին… Ամեն ինչ արդեն ոչ միայն լավ է, ամեն ինչ հիանալի՛ է: Ավելի լավ չի լինում։

Իրականում վստահ ենք. Փաշինյանը չի հավատում լուսավոր ապագայի մասին պատմած հեքիաթին։ Եթե Փաշինյանը հավատար նրան, թե Ադրբեջանի հետ վաշինգտոնյան պայմանավորվածություններն իսկապես լավն են, նա այդպես չէր ճգնի. Հայաստանի քաղաքացիներն իրենք կհամոզվեին, թե ինչ հրաշալի արդյունքների են հանգեցրել Ալիևի հետ պայմանավորվածությունները:

Բայց Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանի բարգավաճման տանող ոչ մի «խաղաղության խաչմերուկ» և տարաբնույթ տարանցիկ խողովակաշարեր չեն լինելու։ Կլինեն բազմաթիվ ռիսկեր, իսկ «խաղաղության դարաշրջանն» ամբողջությամբ կախված է բազմաթիվ հանգամանքներից, որոնցում Հայաստանի դերն աննշան է, և Փաշինյանը դա գիտի։

Դա նշան է. որքան ավելի է Նիկոլ Փաշինյանը գովաբանում իր այս կամ այն նախաձեռնությունը, այնքան նվազում է հավանականությունը, որ այն իսկապես լավն է։ Իսկ քանի որ հավանականությունը մեծ չէ, ապա ի՞նչ է մնում նրան։ Բլեֆ անել, քանի դեռ հերթական բլեֆը չի բացահայտվել։ Բլեֆ անել, որ ընտրություններից առաջ գոնե միավորներ հավաքի, չէ որ եթե լավ բլեֆ անես, ինչ-որ մեկը երևի կհավատա դրան… Մանավանդ եթե հանուն Փաշինյանի վերընտրման Ալիևն առանձնապես համը չհանի, իսկ Թրամփն էլ փող տա՝ ի երախտագիտություն իրեն Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար։

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էին Փաշինյանն ու իր թիմը միմյանց հերթ չտալով գովերգում վարչապետի մյուս «հանճարեղ ծրագիրը»։ Դե, երբ նա ասում էր, որ պետք է ընդամենը իջեցնել Արցախի հարցով պահանջների նշաձողը, և ամեն ինչ լավ կլինի։ Համոզում էին, թե Արևմուտքը մեզ կօգնի, և կլինի Արցախի հավերժական խաղաղություն ու բարգավաճում։ Աննա Հակոբյանը սպառնում էր փառատոններով հեղեղել Ղարաբաղը…

Եվ ախր շատերին համոզեցին։ Հիշում եմ, Գուրգեն Արսենյանը էքստազի մեջ համոզում էր, թե Նիկոլի այդ ծրագրի քննադատները ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից, բացարձակ հիմարներ են, թե Փաշինյանն ուղղակի հանճարեղ է ամեն ինչ մտածել։ Թե Փաշինյանի այդ մոտեցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու…

Ինչ ճիշտն է, ճիշտն է: Մուլտիպլիկատիվ էֆեկտ իսկապես եղավ. Նիկոլի «հանճարեղ մտահղացումը»՝ Արևմուտքի օգնության ակնկալիքով, ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։

Թեպետ, եկեք օբյեկտիվ լինենք. գլխավոր հերոսների համար նույնպես մուլտիպլիկատիվ էֆեկտ եղավ։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց ընտրություններում։ «Մեծ մարգարե» Գուրգեն Արսենյանը դարձավ դեսպան։