Логотип

Մտահոգություն չէ, իրականություն է. Թագուհի Ղազարյանը` «Շողակաթ» ՀԸ–ի փակման մասին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկուս։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններն ԱԺ-ում ներկայացրեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Միևնույն ժամանակ հավելեց, թե նվազագույն շեմի փոփոխությունը չի նշանակում, որ հանրային հեռարձակողները չեն կարող երկուսից ավելի լինել։ Նա հիշեցրեց, որ այս պահին հանրային միջոցներով 5 հեռարձակում կա՝ հեռուստատեսությունը և ռադիոն ներառյալ։

«Նախկինում հանրային հեռարձակողներից մեկի կապակցությամբ պետությունը մեկ անձից՝ ՍՊԸ-ից, տարիների ընթացքում գնում է կատարել առանց մրցույթի՝ շուրջ 3 մլրդ դրամի։ Կարծում ենք՝ այդ միջոցները կարող են ավելի արդյունավետ ծախսվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը կրթական-մշակութային կոնտենտի համար նախատեսված միջոցները բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերություններին։ Այսինքն՝ բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան հանրային միջոցներից օգտվելու»,- մանրամասնեց Ղազարյանը։

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց, թե հանրային դաշտում մտահոգություն կա, որ այս նախագծի նպատակը «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելն է։

«Խնդրում եմ ասեք ձեր հստակ տեսակետն այս մտահոգության վերաբերյալ»,- նշեց Նազարյանը։

Իշխանական պատգամավորը պատասխանեց, թե դա ո՛չ մտահոգություն է, ո՛չ էլ կարծիք, քանի որ իրենք այդ նպատակի մասին հայտարարել են։

«Այո, նախաձեռնությունը «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև այս տարիների ընթացքում 3 մլրդ դրամ առանց մրցույթի տրվել է մեկ կազմակերպության։ Կարծում եմ՝ թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրաձայնել միջոցների անարդյունավետ ծախսման նախադեպը՝ ներառյալ մեր կառավարման 7 տարիների ընթացքում»,- շարունակեց Ղազարյանը։

Գեղամ Նազարյանը նկատեց, որ ինչ-որ մի օր կարող է պարզվել, որ, օրինակ, Մատենադարանը հատկացված միջոցներն արդյունավետ չի ծախսել, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է փակվի։ Պատգամավորը հորդորեց հետ կանգնել որոշումից։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագծի զեկուցողին հորդորեց «չարաշահումներ չներկայացնել աչքաչափով»։

Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ հիմնավորում չի ներկայացնի, քանի որ վստահ է, որ դրանից հետո էլ ընդդիմությունը կողմ չի քվեարկելու։

«Դուք ընդամենը ուզում եք, որ լինի համապետական հեռուստահեռարձակման ալիք, որը կունենա մշակութային և կրթական բովանդակություն տարածելու պարտավորություն, բայց կհեռարձակի վարչապետի ձեր թեկնածու Դավիթ Համբարձումյանի երթն ուղիղ եթերով»,- պատասխանեց Թագուհի Ղազարյանը։

Հիշեցնենք` նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ «ընթացիկ իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրային հեռարձակողների անհրաժեշտ թվի պահպանումը պատճառում է որակական խնդիրներ, մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն։

Sputnik Արմենիա