Յոհաննես Լեփսիուսը (դեկտեմբերի 15, 1858 – փետրվարի 3, 1926) պատմության մեջ մտել է որպես գերմանացի աստվածաբան, հումանիստ և հասարակական գործիչ, ով իր կյանքը նվիրել է հայ ժողովրդի պաշտպանությանը։ Ծնվել է Պոտսդամում՝ հայտնի եգիպտագետ Կառլ Ռիխարդ Լեփսիուսի ընտանիքում։ Նա փայլուն կրթություն է ստացել և ընտրել է ոչ միայն եկեղեցուն, այլև դժվարությունների մեջ հայտնված մարդկանց ծառայելու ուղին:
Լեփսիուսի հասարակական գործունեությունն ի պաշտպանություն հայ ժողովրդի, սկսվել է 1894-1896 թվականներին Թուրքիայում հայերի ջարդերի շրջանում: 1896 թվականի գարնանը նա Ջ. Գրինֆիլդի հետ երկարատև ուղևորություն է կատարել Փոքր Ասիա, հավաքել ականատեսների վկայությունները և օգնություն ցուցաբերել տուժածներին։ Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում սկսել է հոդվածների շարք հրապարակել՝ «Ճշմարտությունը Հայաստանի մասին» վերնագրով։ Այդ 18 հոդվածները հիմք են դրել «Հայաստանը և Եվրոպան․ Մեղադրանք մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» (1896 թ.) աշխատությանը, որը երկու տարվա ընթացքում յոթ հրատարակություն է ունեցել, թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն և զգալի ազդեցություն է ունեցել հայերի օգտին եվրոպական հասարակական կարծիքի ձևավորման վրա։
Լեփսիուսն ակտիվ մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ուղղակիորեն մատնանշելով, որ այդ հանցագործությունը եղել է սուլթանի գլխավորությամբ թուրքական կառավարության ձեռքի գործը։ 1890-ականների վերջին նա լայնածավալ աշխատանք է ծավալել Փոքր Ասիայի հայ բնակչության և այլ երկրներում գտնվող փախստականների համար ապաստարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու նպատակով միջոցներ հավաքելու ուղղությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Լեփսիուսը Եվրոպայում ինտենսիվ գործունեություն էր վարում Օսմանյան կայսրությունում հայկական բարեփոխումներ իրականացնելու համար, համագործակցում էր Կոստանդնուպոլսի հայերի և Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի հետ։ 1914 թվականին նա ստեղծել է գերմանա-հայկական ընկերությունը և «Մեսրոպ» ամսագիրը։
1915 թվականի հուլիսին, երբ երիտթուրքական կառավարությունն արդեն իրականացնում էր Ցեղասպանությունը և հայերի տեղահանումը, Լեփսիուսը մեկնեց Կոստանդնուպոլիս և հանդիպեց Էնվերի հետ։ Նույն թվականի սեպտեմբերին նա շվեյցարական թերթում հրապարակեց «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը սկիզբ դրեց հայերին պաշտպանելու լայնածավալ արշավին։ 1916 թվականին Լեփսիուսը գաղտնի հրատարակեց «Հաղորդում հայ ժողովրդի դրության մասին» աշխատությունը և այն ուղարկեց Գերմանիայի քաղաքական ու կրոնական գործիչներին։
Այս աշխատությունը հրապարակելուց հետո Լեփսիուսը ստիպված եղավ տեղափոխվել չեզոք Հոլանդիա, որտեղ շարունակեց իր հայամետ գործունեությունը, կապեր պահպանեց հայ շրջանակների հետ և նամակագրություն վարեց Ջեյմս Բրայսի հետ։ 1919 թվականին նա հրատարակեց «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թվականներին» վավերագրական փաստերի ժողովածուն, որը ներառում էր գերմանացի դիվանագետների զեկույցները և բազմաթիվ այլ նյութեր, որոնք անհերքելիորեն վկայում էին Արևմտյան Հայաստանի բնաջնջման նախապես մշակված ծրագրի մասին։
1921 թվականին Լեփսիուսը Բեռլինի դատարանում հանդես եկավ որպես վկա՝ պաշտպանելով հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանին։ 1920-ականներին նա շարունակում էր նյութական օգնություն ցուցաբերել հայ որբ փախստականներին, դեղորայք էր ուղարկում Խորհրդային Հայաստան և հայկական հարցի մասին հոդվածներ էր հրապարակում «Der Christliche Welt» և «Der Orient» ամսագրերում։
