Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Ամեն դեպքում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն զանազան հարցեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ»,– ասաց նա։
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե հոգևորականները փորձում են Էջմիածնի գանձերը դուրս հանել երկրից` սբազանն ասաց` դա նշանակում է, որ Հայաստանը ի վիճակի չէ հսկել իր սահմանները։
«1441թ.–ից Մայր աթոռը վերադարձավ Հայաստան և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ–ն էլ չլինի։ Երբևէ Մայր աթոռը, հոգևորականները ու հատկապես կաթողիկոսը Հայաստանը չեն լքի»,– հավելեց նա։
Sputnik Արմենիա
