Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հաղորդեցին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը` նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
«Թերևս սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,– գրել է Պապոյանը ֆեյսբուքյան էջում։
Sputnik Արմենիա
