Ռուսական կողմը դրական արձագանք է տվել հայ վարորդների խնդրի լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հոկտեմբերի 16-ին Հայաստանի Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։
«Մենք պետք է շարունակենք աշխատել։ Այս որոշումը մեկ օրում չի կայացվել և պետությունների որոշումները մեկ օրում չեն կարող փոփոխվել։
Այսօր վարորդների կողմից հաղորդված խնդիրներն իմ համար նորություն չեն։ Մենք սկսել ենք դրանց վրա աշխատել նախքան վարորդների կողմից խնդրի հետ իրականում բախվելը։ Խնդրի առաջացումից հետո անցկացվել են հանդիպումներ և քննարկումներ։ Ավելին չեմ կարող ասել, քանի որ եթե ասեի, դա կվնասեր ձեզ, ինձ և կառավարությանը։ Եթե իմանայի, որ դա կօգնի, կասեի, բայց դա, անշուշտ, չի օգնի։
Եթե ես ինչ-որ լրացուցիչ բան ասեմ, դա կվնասի գործին, այդ թվում՝ պետական հարցերին», – նշել է Պապոյանը։
Նախարարն ասել է, որ չի կարող խոստանալ սառեցնել վարորդների վարկերը այն ժամանակահատվածի համար, մինչ խնդիրը լուծվում է, հույս հայտնելով, որ այն կլուծվի ավելի շուտ, քան նման խնդիր կառաջանա։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե երկուշաբթի օրը դրական արձագանք չստանան, կփակեն ճանապարհները և քաոս կստեղծեն մաքսային անցակետերում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են գտնվել ՌԴ տարածքում ընդհանուր առմամբ 90 օրացուցային օրվա ընթացքում՝ 180 օրվա փոխարեն։
Հայ վարորդները պահանջում ենվերադարձնել նախկին ռեժիմը։
News.am