Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի տեղափոխումը պետք է դիտարկել ոչ թե տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման շրջանակում, այլ իբրև «կարկանդակ» նախընտրական շրջանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Բեռը բաց թողնելու որոշումը ոչ թե ինստիտուցիոնալ հիմքի վրա է արվել, այսինքն՝ երկկողմ պայմանավորվածությամբ կամ ստորագրված փաստաթղթով, այլ Ադրբեջանի միահեծան ղեկավարի, ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի որոշումն է։ Նույն հաջողությամբ այս որոշումը վաղը կարող է չեղյալ հայտարարվել։ Դիվանագիտության մեջ սա վաղուց կիրառվող սկզբունք է․ երբ դու ունենում ես երկար բանակցային գործընթաց, որոշակի քայլերի ես գնում, որոնք կարծես թե նշանակում են քո դիրքորոշման մեղմացում, թուլացում, ապա կտրուկ հրաժարվում ես՝ դնելով քո հակառակորդին ավելի բարդ իրավիճակում»,- նշեց Միրզոյանը։
Այս պատճառով էլ նա ցորենի տեղափոխումը թույլ տալու «ժեստը» դիտարկում է ոչ թե ճանապարհների ապաշրջափակման, այլ Հայաստանում բուռն ընթացող նախընտրական պայքարի շրջանակում։
«Կարծում եմ, որ առաջիկայում մեզ սպասում են մի շարք նման կարկանդակներ, այս համատեքստում ավելի ճիշտ է ասել «գազարներ»»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց նաև պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե Ադրբեջանում էլ ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։
