«Նարեկի ոճով է, չեմ զարմանում ընդհանրապես»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը՝ պատասխանելով ամուսնու՝ դատարանի որոշումից հետո անժամկետ հացադուլ սկսելու մասին հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորությունն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրեց 3 ամիս ժամկետով։
Լ.Առաքելյանը անսպասելի չհամարեց դատարանի որոշումը։
«Չեմ զարմանում դատարանի կայացրած որոշումից։ Իրենցից ամեն ինչ սպասելի էր։
Այն, որ նոյեմբերի 13-ի առավոյան Նարեկին տարան, վստահ էի, որ տուն է գալու, աբսուրդ էր այդ ամենը։ Երեկոյան, երբ իմացանք, որ հերթապահ դատարաններ են փոխվել, դատավոր է նշանակվել, հասկացանք, որ կալանքի էին տանելու։ Վստահ էի, որ վերաքննիչը կբեկանի որոշումը, բայց ոչ։
Հույս ունեի այսօր դատարանն իր իշխանությունը բանեցնելու է օրենքի և իրավունքի գերակայությամբ, բայց ականատես եղանք, որ անհիմն 3 ամսով երկարաձգեցին կալանքը»,- ասաց Լ. Առաքելյանը։
Ն. Սամսոնյանի կինը հույս ունի, որ դեռ կգտնվեն դատավորներ, որոնք կկարողանան սթափ գնահատել ու չեն վախենա արդարադատություն իրականացնել։
«Թող հիշեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին, անգամ եթե դու ծառայում ես այս իշխանություններին, անպատիժ չես մնում հենց այս իշխանությունների կողմից»,- ասաց Լ.Առաքելյանը։
Panorama.am
