Աշխարհում կա ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ է, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով, և դա ապացուցում է, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի, գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, վկայում է, որ «հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո»։
Նա նշել է՝ Կարապետյանը ձերբակալվել է Երևանում՝ «իշխանությունը զավթելու կոչի» մեղադրանքով, իսկ Վարդանյանը բանտարկվել է Բաքվում՝ Արցախում իր գործունեության հետ կապված «ահաբեկչության» մեղադրանքով։
«Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն, որ դեռ կան այսպիսի մարդիկ»,- գրել է նա:
Այս համատեքստում Կարապետյանը նաև անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, որն «իշխանությունը զավթելու կոչերի» համար դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։
Նա ընդգծել է, որ արքեպիսկոպոսը կարող էր եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը, եթե լռեր, բայց որոշել է բարձրաձայնել։
«Նա ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։ Բայց ինքն արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել»,- գրել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հայ առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն ճշմարտության և հայրենիքի։
Հունիսին կառավարության հարձակումների ֆոնին Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատները խուզարկություններ էին իրականացրել Կարապետյանի Երևանի տանը։ Հունիսի 18-ին գործարարը ձերբակալվել էր պետական հեղաշրջման կոչի մեղադրանքով և կալանավորվել երկու ամսով։ Օգոստոսի 15-ին դատարանը նրա կալանքը երկարաձգել էր ևս երկու ամսով։
Armenia Today