Логотип

Նարեկ Կարապետյան․ Հայաստանը ընտրության առաջ է կանգնած

Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել այնպես, ինչպես կա, թե՞ լրջորեն զբաղվել սեփական վերածննդով։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա թվարկել է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի թիմի կառավարման երկու ժամկետների ընթացքում՝ Արցախի կորուստ, անվտանգության համակարգի քայքայում, թալան, եկեղեցին պառակտելու փորձեր, մարդու իրավունքների խախտումներ, իսկ հիմա էլ՝ Սյունիքի դարպասները բացելու մտադրություն։

Կարապետյանի խոսքով՝ պատճառը, որ բոլոր նրանք, ովքեր հայտնվել են իշխանության ղեկին, հետո չեն կարողացել բաժանվել դրանից, այն է, որ «Այս մարդիկ սոված են, դրա համար չեն հագենում՝ 3-րդ ժամկետն են ուզում։ Ժամանակն է, որ մեր ժողովուրդն ունենա ուժեղ առաջնորդ, լուրջ առաջներդ, կուշտ առաջնորդ։ Իշխանությունն ինքնանպատակ չէ։ Աշխատանք կա անելու։ Աղքատությունը խեղդում է երկիրը», – հայտարարել է Կարապետյանը՝ թվարկելով իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ քայլերը։

«Թույլ առաջնորդը պատճառներ է բերում՝ նախկիններին, ռուսներին, քովիդը, ուզբեկներին։ Ուժեղը աշխատում է և լուծում հարցերը», – շարունակել է Կարապետյանը՝ հավելելով, որ երկրում անհրաժեշտ է համաներում իրականացնել, որը չի արվել 2018 թվականից ի վեր։ Անվտանգության տեսանկյունից Կարապետյանը խոստացել է երկրի օկուպացված հատվածի խաղաղ վերադարձ։ «Մենք կրկին մեզ անվտանգ կզգանք, իսկ երկիրը կունենա երաշխավորված խաղաղություն, այլ ոչ թե խաղաղության թույլ հիբրիդային նմանակում», – խոստացել է շարժման ներկայացուցիչը։

Եզրափակելով՝ նա հայտնել է, որ պատիվ ունի հայտարարելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին՝ «ուժեղ ժողովրդի՝ ուժեղ որոշում», որը մտադիր է մեծամասնություն կազմել խորհրդարանում։

News.am