Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարեն, հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն, թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ հնմարավոր է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը թույլ չտան մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին։
«Կա ժողովրդավարություն, կա մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով, կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Եթե ժողովրդավարությունը իրենց համար գոնե ինչ-որ բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ և Հայաստանը կթողնի նույն շրջափուլի մեջ։ Այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ»,–ասաց նա։
Նարեկ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին նոր առաջնորդներ են պետք, որ այս իրավիճակից դուրս բերեն երկիրը։
«Մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում ծրագրեր մարդկանց դեմքերի փոփոխության։ Եթե իրենք մեր ասած փոփոխությունը արած լինեին, մեր կարիքը չէր լինի, մեր հասարակությունը մեր պահանջը չէր զգա մեր։ Հիմա մեր հասարակությունը զգում է փոփոխության պահանջ, նոր առաջնորդության պահանջ։ Մենք կառաջարկենք, իսկ մեր հասարակությունը թող որոշի, իրենք թող մեր ժողովրդի տեղը չորոշեն, 100 հազարավոր մարդկանց կարծիքի տեղը չորոշեն»,– ընդգծեց Կարապետյանը։
Անդրադառնալով նրան, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը երեկ ասել է, որ չպետք է թույլ տալ, որ «Ուժեղ Հայաստանը» մասնակցի ընտրություններին, քանի որ այն ռուսական ուժ է, Նարեկ Կարապետյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Սարգսյանն է որոշում, թե Հայաստանում ով է մասնակցում ընտրություններին։ Ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ, չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը ուրիշ պարոններ են որոշում, թե Հայաստանում ով պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ»։
News.am
