«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունն ատոմային ոլորտում համագործակցության մասին սխալ է թարգմանվել ուղիղ հեռարձակման ժամանակ, ինչի պատճառով այն ներկայացվել է որպես ներդրումային ծրագիր` Հայաստանի համար:
Կարապետյանը ցուցադրել է հայտարարության այդ հատվածի բնօրինակը և ասել, որ խոսքը ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների, այլ ԱՄՆ-ի կողմից սարքավորումների հնարավոր մատակարարման և երկարաժամկետ աջակցության մասին է: Նա մանրամասնել է, որ Վենսի հայտարարությունը վերաբերում է մինչև 5 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաների արտահանմանը, ինչպես նաև լրացուցիչ 4 մլրդ դոլար՝ վառելիքի և տեխնիկական սպասարկման երկարաժամկետ պայմանագրերի տեսքով:
Ընդ որում, նրա գնահատմամբ, թարգմանության մեջ այդ ձևակերպումները ներկայացվել են որպես փոխշահավետ ներդրումներ Հայաստանում, մինչդեռ այն գնման գործընթաց է ԱՄՆ-ից՝ ՀՀ պետական պարտքի հաշվին։
«Երբ համեմատում ենք բնօրինակը և թարգմանչի ասածը, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են ցանկանում մեզ վաճառել։ Ցույց են տալիս, թե, իբր, ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի գնումը ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ։ Հատուկ սխալ է թարգմանվել, ներկայացվել է որպես ներդրում, որպեսզի չհասկանանք, որ խոսքն, իրականում, պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ի գործարարը, այլ մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս»,- նշել է Կարապետյանը։
Կարապետյանի դիտարկմամբ՝ գնման այս նախատեսվող գործընթացը նաև ատոմային էներգետիկ սակագնի կրկնապատկում է նշանակում։ Նա այդ համատեքստում նշել է, որ Հայաստանի համար մինչ այս առկա էին այլընտրանքային առաջարկներ, որոնք, իր խոսքով, չեն արժանացել իշխանությունների ուշադրությանը։
Մասնավորապես, նա հիշեցրել է Չինաստանի կողմից ներկայացված առաջարկն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Կարապետյանի խոսքով՝ չինական կողմը Հայաստանին առաջարկել է երկու անգամ ավելի էժան ատոմային կայան, որը, միաժամանակ, ունեցել է երկու անգամ ավելի մեծ հզորություն, քան ներկայումս քննարկվող մոդուլային տարբերակը։ Նա ընդգծել է, որ այդ բանակցություններին մասնակցել է անձամբ՝ հայկական ընկերությունների կողմից։
«Այդ տարբերակն իրական արտադրական փորձ ունեցող տեխնոլոգիա էր, ոչ թե փորձարկվող մոդել։ Սակայն այն մերժվեց՝ առանց հանրային բացատրության»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայիս ընտրությունը, իր գնահատմամբ, պայմանավորված չէ տնտեսական հաշվարկով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։
Նրա գնահատմամբ՝ այսպիսի հայտարարությունները ձևավորում են հուսահատության և անորոշության մթնոլորտ հասարակության մեջ։ Կարապետյանը շեշտել է, որ փետրվարի 9-ին՝ Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ, «Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում»։
«ԱՄՆ փոխնախագահն իր հայտարարություններում ներկայացնում էր իր երկրի շահը, իսկ մեր երկրի թույլ առաջնորդը նրա հետ մի նկարի և հանրությանը խաբելու համար զոհեց Հայաստանի ևս մեկ շահ՝ ցույց տալու, թե, իբր, ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու: Այսպես հուսավաճառությամբ ամեն անգամ նա ընտրություններից առաջ խաբում է մեզ: Սա էլ նոր հույսավաճառություն է»,- հավելել է նա։
Եզրափակելով՝ նա շեշտել է, որ երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, ովքեր պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը։
Վարչապետի աշխատակազմը փետրվարի 10-ին ավելի վաղ մեկնաբանել էր Վենսի ելույթի թարգմանության որակի վերաբերյալ քննարկումները՝ հայտարարելով, որ Փաշինյանի և Վենսի համատեղ հայտարարությանն ԱՄՆ փոխնախագահի ելույթի թարգմանությունը կատարել էր ամերիկյան կողմի թարգմանիչը:
Վենսի և Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։
Armenia Today
