«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի` 2018–2024 թվականների տվյալները ոչ թե անհետացել են, այլ տեխնիկական խնդիրների պատճառով ջնջվել են և 2-3 օր անց վերականգնվել։ Այս մասին տեսաուղերձով հայտարարել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել էր, որ 2025 թ. հունվարի սկզբին ՀԷՑ–ի պատասխանատուները նկատել են, որ բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգի տվյալները չեն արխիվացվում։ Պետրոսյանը նշել էր, ջնջվել է 2018–2024 թթ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածի ամբողջ բազան։
«Երբ ասում են՝ տվյալները անհետացել են, ուզում են ասել, որ եղել է անհամաչափ հավելագրում ու անհետացրել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչքան են սպառել, և ՀԷՑ–ի կառավարիչը շատ ինքնավստահ ասում է, որ չի վերականգնվել։ Իհարկե, խնդիր եղել է, բայց Պետրոսյանը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, քանի որ իմ կողմից եղել է խիստ ցուցում և եղել է ծառայողական քննություն` նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում 2–3 օրվա ընթացքում տեղեկությունը վերականգնվել է։ Որպեսզի հասկանաք` նույն խնդիրը եղել է Հայաստանի բանկային «ԱրՔա» համակարգում 3 ամիս առաջ, և խնդիրը լուծել են էլի 3 օրվա ընթացքում»,–ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` այն, որ տվյալները չեն ջնջվել, ստուգելը հեշտ է. քաղաքացիները կարող են դիմել ՀԷՑ–ի բաժանմունքներ և պահանջել իրենց վերջին 3 տարվա սպառման տվյալների ցանկը։ Եթե գտնվի մարդ, որն իր սպառման տվյալները չի ստանա, կարող է դիմել «Կասկադ» ընկերությանը և կստանա դրանք։
Կարապետյանը շեշտեց, որ դեռ տարիներ առաջ պետության կողմից կարևորագույն խնդիր է դրվել, այսպես ասած, «լույսի մարդու» ինստիտուտի դուրս հանումը, մարդկային գործոնի վերացումը էլեկտրաէներգիայի հաշվառման մեջ, ինչն էլ իրենք կատարել են։
«Էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգը ներդրվել է « Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, որից հետո կորուստները 14 %–ից իջել են 6 %–ի։ Եվ այդ ծրագիրը հիմա էլ գործում է»,–ասաց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ այդ ամենը կատարվել է Սամվել Կարապետյանի հետ կապված հայտնի իրադարձություններից 6 ամիս առաջ։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ–ը երբեք չի ունեցել ներքին ստորաբաժանում, որը կիրականացներ շուրջ 700 հազար սպառողների հաշվիչների սպասարկումը, և այդ պատճառով գործառույթն իրականացվել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների կողմից, Կարապետյանը նշում է, որ այդ համակարգից օգտվում է 700 000 բաժանորդից ընդամենը 1200–ը։
Sputnik Արմենիա
