Ջուրը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն. չի կարող լինել իրավիճակ, երբ բնակելի շենքերը, հիվանդանոցները կամ մանկապարտեզները ժամերով զրկված լինեն ջրից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծում է` պետության երեք հիմնական ենթակառուցվածքային ուղղություններն են՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա։ Եվ երեք ոլորտներում էլ մենք արդեն լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։
«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 40 տոկոսով։ Ջրի ոլորտում ունենք մատակարարման սահմանափակումներ, իսկ արտաքին քաղաքական ռիսկերի ֆոնին վտանգի տակ է նաև գազամատակարարման կայունությունը։ Սա արդեն համակարգային մարտահրավեր է»,–ասաց Կարապետյանը։
Նա ընդգծում է` ՀՀ–ն ջրի պակաս ունեցող երկիր չէ, բայց ունի կառավարման լուրջ խնդիր։
«Այսօր ջրամատակարարման համակարգում կորուստները հասնում են մոտ 65 տոկոսի։ Այսինքն՝ մատակարարվող ջրի միայն 35 տոկոսն է հասնում սպառողին։ Համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի կորուստները Հայաստանում նվազեցվել են մինչև մոտ 6 տոկոս։ Այս տարբերությունը ցույց է տալիս մեկ բան՝ ջուր կա, բայց արդյունավետ կառավարում չկա»,-ասաց նա։
Նշենք, որ Երևանում և մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ «Վեոլիա Ջուրը» տեղեկացրել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):
Այսօր ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով:
Sputnik Արմենիա
