Логотип

Նարեկ Կարապետյան․ ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մենք տեսանք, որ վերջապես մի քանի շաբաթ հարցման վրա աշխատելուց հետո իրենք հրապարակեցին իրենց ունեցած հարցման տվյալները, որտեղ ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին հետաքրքիր տարօրինակ դինամիկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ամերիկյան IRI–ի հրապարակած հարցման տվյալներին, ըստ որի ՔՊ–ի վարկանիշը 24 տոկոս է, «Ուժեղ Հայաստանինը»՝ 9 տոկոս, «Հայաստան» դաշինքին և ԲՀԿ–ինը՝ 3–ական տոկոս։

«Անգամ իրենց արած հարցումներով, դուք նկատե՞լ եք որ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% է հավաքել, երկու անգամ քիչ։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։

Անգամ իրենց այս խմբագրած հարցման արդյունքում իրենք խնդիր ունեն ու գիտեն այդ խնդիրը, գիտեն, որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսել, բայց չեն եղել տակը քայլեր, գործեր։

Ես ողջունում եմ այդ հարցումների հրապարակումը, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը, և հետագայում էլ ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը»,–ասաց նա։

Կարապետյանը նկատեց, որ այդ հարցումն իրականացվել է մինչև իրենց կուսակցության հիմնադրման նիստը (հարցումն իրականացվել է փետրվարի 3-13–ին–խմբ), որտեղ հայտարարվել է, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է. «Նաև հարցման ընթացքում, մեր ունեցած տվյալներով, հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ իշխանական կողմնորոշում են ունեցել։ Այդ տեխնոլոգիային մենք տիրապետում ենք, հասկանում ենք՝ ինչ քայլեր են իրենք արել։ Բայց անգամ այդ քայլերը անելուց հետո իրենք երկու անգամ անկում ունեն։

Ես կարծում եմ, որ այս հարցման արդյունքները չեն արտացոլվելու ընտրությունների արդյունքներում, քանի որ այստեղ ընդդիմության ձայների հետ կապված տեղի է ունեցել բավականին ճկուն քայլեր.

Հարցումների մեջ ամենակարևոր բանն այն է, թե որ բազային ես հարցնում, եթե հարցման մեջ ընտրում ես հատուկ բազա, որը ունի իշխանական տեսակետ, բազան փոխվում է դեպի իշխանական։ Դա ամբողջական գիտություն է և պրոֆեսիոնալները այնպիսի բազա են ապահովում, որ իրական ընտրության մասնակցողների թվին ու բազային համահունչ լինի։ Իմ կարծիքով իրենք ունենալու են այդ 24-25 տոկոսը, որը հետագայում ինչ-որ ձև կարող է փոփոխվել, բայց արդեն այն մեծ վարկանիշները, որ իրենք ունեին իրենց խոստումների արդյունքում, 50%, 40% այդ վարկանիշների մասին երազելը արդեն ուշ է։ Իրենք էլ գիտեն այդ մասին, այդ իսկ պատճառով տարբեր օրակարգեր են ուզում մտցնել, որպեսզի փորձեն ժողովրդավարական պրոցեսների հետ կապված ինչ-որ սահմանափակումներ մտցնել»,–ասաց Նարեկ Կարապետյանը։

News.am