«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Վերաքննիչ դատարանից զանգեր եմ ստացել, բայց դատական նիստի ընթացքում Բագրատ սրբազանի զորեղ ու արժանապատիվ ելույթը լսելիս չեմ նկատել դրանք: Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի»,- գրել է Մելիքյանը:
Նա հիշեցրել է, որ Նարեկ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Ընդգծել է՝ հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Հունվարի 23-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։
Sputnik Արմենիա
