Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Նարեկ Օհանյանի ձերբակալությունից հետո Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության Էջմիածնի բաժնում է։ Այս մասին հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Կան տեղեկություններ, որ Նարեկ Օհանյանը տեղափոխվել է Քննչական կոմիտեի Արմավիրի վարչությում։
Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ. Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է, որն այժմ տնային կալանքի տակ է, և դեպքի գիշերը Գրիգորյանը պատրաստվում էր գնալ եղբոր ծննդյան օրը շնորհավորելու։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Վերջինիս հարազատներից նույնպես կան Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալների թվում։