Բաքվի բանտում արդեն 5 տարի ապօրինաբար պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը շարունակում է դիմանալ, քանի որ հույս ունի, որ մի օր կրկին կտեսնի սիրելիներին, ազատ կշնչի և կապրի այն կյանքով, որն իրենից գողացվել է։ Այս մասին X-ի իր էջում գրել է նրա փաստաբան Մարիա Լուսիանա Մինասյանը։
«Այս տարիների ընթացքում բանտարկության մեջ Վիգենն անհավանական դժվարություններ է կրել։ Նա երեք անգամ հացադուլ է հայտարարել՝ վտանգելով իր առողջությունն ու կյանքը՝ արդարության և արժանապատվության հուսահատ պահանջով։ Նրան զրկել են նույնիսկ ամենափոքր հարմարավետությունից՝ նույնիսկ ծխախոտի պարզ տուփից, քանի որ գերեվարողները փորձում են կոտրել նրա ոգին դաժանության և զրկանքների միջոցով․․․»,- գրել է Մինասյանը։
Փաստաբանը շեշտել է`չեն դադարելու Վիգենի մասին խոսել, նրա պատմությունն աշխարհին ներկայացնել, ազատություն պահանջել, քանի դեռ նա տուն չի վերադարձել։
Ավելի վաղ Վիգեն Էուլջեքչյանի իրավական ներկայացուցիչները` (Մարիա Լուսիանա Մինասյանը (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենեսը (Իսպանիա) խմբ․), պաշտոնապես դիմել էին անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով` մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու նրա կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ Վերջին` 20–օրյա հացադուլը նա հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 2–ին։ Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
Sputnik Արմենիա
