Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ ժամեր առաջ բեռնատարների վարորդներն իրենց մեքենաներով փակել էին միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։