Սեպտեմբերի 23–ին, ժամը 23.50–ի սահմաններում է եղել ոստիկանությունում ահազանգ, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ մահացել է երկու անձ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, մեր գործընկեր՝ Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը և մեկ վիրավոր ենք ունեցել՝ Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկան չի։ Ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ, պարզապես այստեղ կանգնած է եղել, ծառայության մեջ չի եղել։
Ահազանգը ստանալուց հետո ոստիկանական օպերատիվ խմբեր են ժամանել դեպքի վայր՝ ՆԳ նախարարի գլխավորությամբ։ Այս պահին էլ ՆԳ նախարարը գտնվում է Վաղարշապատի բաժնում և գլխավորում է աշխատանքները։ Ոստիկանական օպերատիվ խմբերն այս պահին իրականացնում են հետախուզական և անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 100–ավոր ոստիկաններ կան այս պահին այս հատվածում»,–ասաց նա։
Հարցին՝ առկա տեսանյութերում երևո՞ւմ են անձինք կամ ավտոմեքենաներ, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Տեսախցիկներ են վերծանվել, այս պահին հանրապետության մուտքերն ու ելքերն են ստուգվում, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք։ Այսինքն բավականին մեծ, ծավալուն աշխատանքներ են տարվում։ Նաև անձանց հետ են զրույցներ տարվում»։
Խոսելով կասկածյալների մասին, նա ընդգծեց. «Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետևանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է»։
Հարցին՝ ի՞նչ գործողություններ են տարվում հետագա արյունալի իրավիճակը կանխելու համար, քանի որ Մերձավան համայնքում սա առաջին դեպքը չէ, նաև նշվում է, որ վարկածներից մեկը վենդետան է, ՆԳՆ խոսնակն արձագանքեց. «Վաղ է որևէ մի վարկածի մասին հաստատապես այս պահին խոսել։ Քննարկվում են բոլոր առաջ քաշված վարկածները։ Որոշակի գործողություններ արվել են նախկինում այստեղ կատարված էլի հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո։ Դրա մասին կարծում եմ առիթ կլինի մենք կզրուցենք, բայց վստահեցնում եմ, որ Ներքին գործերի նախարարության համար, ոստիկանության համար, մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների համար, սա հավատացեք, որ սկզբունքային հարց է, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։
Վստահորեն կարող եմ ասել, որ եթե պարզվի, որ եղել են հանգամանքներ, որի ընթացքում որոշ անձինք թերացել են, այսինքն հնարավոր է եղել որոշակի գործողություններով կանխել նման միջադեպերը, վստահ եղեք, որ կրելու են համապատասխան իրենց պատասխանատվությունը»։
Նա հավելեց, որ սպանված անձանց ընտանիքի անդամներն անվտանգ տեղում են այս պահին. «Ոստիկանական իմ նշած այս ծավալուն միջոցառումների շրջանակում է նաև որոշակի տեղերում, հենակետեր տեղադրել է, որպեսզի հենց այս պահին էլ որոշակի հնարավոր շարունակություններ չլինեն։ Այդ ամեն ինչը նաև այդ շրջանակում է իրականացվում»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։
Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փետրվարի 5-ին, Մերձավանում վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։