Логотип

ՆԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունը

Սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց, վարորդը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ ներքին գործերի նախարարությունից` մեկնաբանելով ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր` Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալման մասին լուրերը։

«Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել»,– նշեցին կառույցից։

ՆԳՆ–ից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը։ Մի քանի ԶԼՄ–ների տեղեկություններով ՝ Մկրտիչ Մկրտչյանին այս գիշեր ոստիկանները բերման են ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։