Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը քաղաքական դրդապատճառ չի ունեցել։ Նրա խոսքով, սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունը փետրվարին կատարված մեկ այլ սպանության ուղիղ շարունակությունն է։
Նոյեմբերի 3-ին, 2026 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկմանը, Սարգսյանն ընդգծել է, որ քրեական վարույթն ունի «հստակ ֆիքսված» ապացույցներ, որոնք հիմնավորում են հանցագործության շարժառիթը։ Նա «խոսակցություններ» և «ոչ փաստահեն» է անվանել այն պնդումները, թե իրադարձության հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած կամ առկա է քաղաքական մոտիվ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ սպանության հիմնական կատարողը բացահայտվել է և տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էին Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը։ Նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը, վիրավորում էր ստացել։
Այս գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Ողբերգությունը կապվում է փետրվարին տեղի ունեցած դեպքի հետ, երբ Մերձավանի նախկին համայնքապետի, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Փետրվարին սպանված Գրիգորը կալանավորված Նարեկ Օհանյանի եղբայրն է, ով մեղադրվում է Փարաքարի համայնքապետի սպանությանն օժանդակելու մեջ։ Գևորգ Հարությունյանը, ով ըստ մամուլի կատարել է սպանությունները, Օհանյան եղբայրների ընկերն է։
Verelq.am
