Եթե մենք խոսում ենք հանցավորության աճի մասին, ապա պետք է հասկանալ պատճառները, ինչպես նաև այն, թե հանցագործությունների որ տեսակներն են աճել։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Նա նշել է, որ վերջերս մի քանի աղմկահարույց սպանություններ են տեղի ունեցել։
«Հասարակության մեջ այդ դեպքերը տպավորություն են ձևավորել և դա հասկանալի է։ Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հանցավորության մակարդակը նվազի։ Որոշակի ժամանակահատվածում կարող է արձանագրվել հանցագործությունների որոշակի տեսակների աճ, իսկ մեկ այլ ժամանակահատվածում՝ նվազում»։
«Նախորդ տարիների համեմատ Հայաստանում հանցավորության կտրուկ աճ կամ վտանգավոր մակարդակի հասնող աճ չկա»,- ընդգծել է Մկրտչյանը։
Նա հերքել է այն տեղեկությունները, թե ՆԳՆ ղեկավարը սպառնացել է ոստիկանության պետին։ «Համակարգում բողոքներ չկան, համակարգը նորմալ է աշխատում»,- նշել է պաշտոնյան։
Նա հայտնել է, որ պաշտոնական հայտարարություններ չի լսել այն մասին, թե Մերձավանում տեղի ունեցած հանցագործությունը (Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարի սպանությունը – խմբ․) ամբողջությամբ բացահայտվել է։ «Հայտարարվել է, որ հանցագործությունը բացահայտված է, նկատի ունենալով, որ հայտնի է կատարողը և հայտնաբերվել է հանցագործության գործիքը»,- ընդգծել է Մկրտչյանը։
Նա վստահեցրել է, որ որևէ տեղեկություն չունի Գյումրիում ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառման մասին։
Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված հանցագործության աճի բացակայության մասին հավաստիացումները, քանի որ վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս։
News.am