ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարների փոխարեն կլինի 11–2–ը։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով` այս հեռախոսահամարների փոխարեն կլինի արտակարգ իրավիճակների կանչերի` 11–2–ը, որ ԵՄ–ում նաև նման դեպքերում առավել ճանաչելի հեռախոսահամար է։
«Այս հեռախոսահամարի նախատեսումը նաև դրական է գնահատվել ԵՄ–ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում»,– նշեց փոխնախարարը։
Մկրտչյանն ավելացրեց, որ 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարները կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Միայն իրազեկման ակցիաներ անելուց հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։
ՆԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև շտապ բժշկական կանչերի սպասարկումը այս նոր` 11–2 համարին փոխանցել։
Sputnik Արմենիա
