Логотип

ՆԵՂԱՑԿՈՏՆԵՐԸ

Ծերուկ Թրամփը շատ նեղացկոտ է դարձել։ Ախր բոլորից նեղանում է: Չինաստանից, որ չի օգնում իրեն բացել Հորմուզի նեղուցը, Ճապոնիայից, որին ինքը պաշտպանում է, բայց նա իրեն չի օգնում։ Եվրոպացիներից, որոնք չեն պատրաստվում նեղուց ուղարկել իրենց նավերը: Լրագրողներից, որոնք հարցնում են, թե ինչու նա չի ավարտում ռազմական գործողությունները, եթե, իր ասելով, ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ոչնչացրել է հրթիռային զորքերը, ոչնչացրել է արտադրական հզորությունները, ոչնչացրել է նավատորմը, սպանել է առաջնորդներին…

«ԴՈՒ ԼԱՎ ՄԱՐԴ ՉԵՍ»,- ԱՍՈՒՄ Է ԹՐԱՄՓԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ, ՈՐԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է, թե ինչու այս պայմաններում Թրամփը չի ավարտում պատերազմը… Թեպետ, գուցե այդ պարագայում Թրամփն իրավացի է: Մի՞թե լրագրողը չի հասկանում, որ եթե Թրամփը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա ամբողջ աշխարհի աչքում պարտված կդիտվի հենց ինքը։ Իսկ Իրանի առջև աշխարհը լուռ գլուխ կխոնարհի՝ ի նշան հարգանքի նրա ժողովրդի և առաջնորդների նկատմամբ…

Բայց ամենից շատ Թրամփը դժգոհ Է Իրանից։ Որովհետև, ասում է, մենք ախր պատերազմն արդեն շահել ենք, իսկ Իրանը շարունակում է պատասխանել՝ հրթիռային հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին։ Մի՞թե դաղալություն չէ, տարակուսում է ԱՄՆ նախագահը, այդպես չի կարելի, կանոնների խախտում է…

Ավաղ, բայց ինչ-որ բանով Թրամփը սկսում է հիշեցնել մեր Նիկոլին ու իր թիմին։ Սրանք նույնպես վերջերս շատ նեղացկոտ են դարձել։ Բոլորից նեղանում են: Կաթողիկոսից, որը հրաժարական չի տալիս։ Երևանցիներից, որոնք դժգոհ են փաշինյանական հայտնի ասֆալտի որակից։ Կենսաթոշակառուներից, որոնք բոլորովին էլ շնորհակալ չեն կենսաթոշակների բարձրացման համար: Ռուսաստանից, որը չգիտես ինչու մարդասիրական օգնություն է ուղարկում արցախցի փախստականներին։ «Արցախ» բառը արտաբերողներից։

Բայց ամենից շատ իշխող թիմը նեղանում է ընդդիմությունից։ Մոտավորապես այնպես, ինչպես Թրամփն է նեղացած Իրանից։ Որովհետև ընդդիմությունը, փոխանակ համակերպվի, որ Փաշինյանն իրեն բանտախցեր է նետում, որ Փաշինյանը ցանկանում է կառավարել Հայաստանը մինչև 2050 թվականը, փոխանակ գովաբանի Փաշինյանին նրա իշխանության օրոք սանձազերծված բախումների և Արցախի էթնիկ զտման համար, փոխանակ ճանաչի այս կամ այն ձևով ընտրակաշառք բաժանելու, իր նախընտրական նպատակների համար ոչ միայն վարչական ռեսուրսն օգտագործելու, այլև դատական և ուժային ռեսուրսը ողջ թափով գործարկելու Փաշինյանի բացառիկ իրավունքը…

Այդ ամենի փոխարեն ընդդիմությունը ոչ միայն լկտիություն ունի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, այլև ձգտում է հաղթել, կառավարություն ձևավորել ընտրություններից հետո։ Եվ հանուն այդպիսի անպատկառ նպատակի՝ գլխավոր ընդդիմադիր ուժերը չեն թաքցնում ընտրությունների արդյունքներով ստացած ձայներն անհրաժեշտության դեպքում միավորելու իրենց մտադրությունը։ Որպեսզի հեռացնեն Փաշինյանին իշխանությունից և իրենք ձևավորեն կոալիցիոն կառավարություն։

Ի՜նչ դավեր են նյութում, տե՛ս, է։ Այն առաջնորդի դեմ, որը սովորել է հեծանիվ քշել, լավ թե վատ պարել, սիրում է տեսախցիկի առջև խնձոր ու եգիպտացորեն կրծել, սաղմոսներ է անգիր արել, սովորել է թմբուկ խփել, ուտել չինական փայտիկներով, շարունակում է կատարելագործվել Կառավարման ակադեմիայում, այնքան մեծ ավանդ է ներդրել մեր թուրք-ադրբեջանական հարևանների խորքային ծրագրերի իրականացման գործում…

Այսպիսի սուրբ մարդու դեմ՝ այդպիսի չարամիտ ընդդիմադիր նենգություն… Ո՜ւր է գլորվում Հայաստանը։