Логотип

Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ՍՈԼՈՎՅՈՎԻ ԽՈՍՔԵՐԸ ՌԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՆ, ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է

Երևանի և Մոսկվայի միջև տեղեկատվական դաշտում լարվածության հերթական ալիքը, որը բարձրացավ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կոշտ հայտարարությունից հետո, կրկին արդիականացրեց հարցը. որտե՞ղ է ավարտվում մեդիա դեմքերի մասնավոր կարծիքը և սկսվում Ռուսաստանի իրական պետական քաղաքականությունը: Որքանո՞վ է առանձին անհատի հռետորաբանությունը համահունչ դիվանագիտական շրջանակների տրամադրություններին:

Այս նրբերանգները հասկանալու, ինչպես նաև հայ-ռուսական կապերի փոխակերպման խորքային գործընթացները վերլուծելու համար VERELQ-ը դիմել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևին:

Հարցազրույցում փորձագետը բացատրում է, թե ինչու է Սոլովյովի հայտարարությունները համարում Կրեմլի արտաքին քաղաքական պրակտիկային անհամապատասխան, և փաստում է, որ երկու երկրների հարաբերություններում «նոր հավասարակշռությունն» արդեն ձևավորվել է: Զրուցակիցը նաև գնահատական է տվել Հայաստանի հարավում ԱՄՆ-ի ենթակառուցվածքային նոր նախագծին՝ բացատրելով, թե ինչու է Մոսկվան ամերիկյան ներկայությանը դեռևս ավելի զուսպ արձագանքում, քան Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտնի հայտարարությունները Հայաստանում և Կենտրոնական Ասիայում «ՀՌԳ»-ի (հատուկ ռազմական գործողություն) վերաբերյալ մեծ իրարանցում են առաջացրել Հայաստանում: Դրան արձագանքում են բոլորը՝ ակտիվիստներից մինչև իշխանության ներկայացուցիչներ և պատգամավորներ: Որքանո՞վ են Սոլովյովի խոսքերն արտացոլում ռուսական պաշտոնական շրջանակների իրական տրամադրությունները:

– Ես չգիտեմ, թե ինչու է Վլադիմիր Սոլովյովը հանդես եկել նման հայտարարությամբ, սակայն այն աշխատանքային շփումները, որոնք ես ունեցել եմ հայկական ուղղությամբ արտաքին քաղաքականությամբ զբաղվող ռուսական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ, բացարձակապես ոչ մի հիմք չեն տալիս ենթադրելու, որ Վլադիմիր Սոլովյովի դիրքորոշումն արտացոլում է պետական քաղաքականությունը կամ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը: Պետք է հասկանալ, որ ՄԳԻՄՕ-ն (որտեղ աշխատել է Նիկոլայ Սիլաևը – խմբ.) միշտ սերտորեն կապված է եղել և մնում է ռուսական արտաքին քաղաքական պրակտիկայի հետ, և իմ շփման փորձը հակառակի մասին է վկայում:

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները որակական փոխակերպում (տրանսֆորմացիա) են ապրում, ձևավորվում է ինչ-որ նոր ստատուս-քվո: Տեսնո՞ւմ եք արդյոք նման փոխակերպում, և ըստ Ձեզ՝ ո՞ր ուղղությամբ են գնում հարաբերությունները:

– Տրանսֆորմացիան ընթանում է: Բայց, իմ կարծիքով, ինչ-որ նոր հավասարակշռություն՝ եթե կարելի է դա այդպես անվանել, ձևավորվել է ոչ թե հիմա, և այս պահին այն էական փոփոխություններ չի կրում: Այդ հավասարակշռությունը կայանում է նրանում, որ, նախ, Հայաստանում պահպանվում է հիասթափությունը 2022 թվականի իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ: Բնականաբար, Հայաստանը դրան զուգահեռ փնտրում է իր անվտանգության ապահովման ինչ-որ լրացուցիչ մեխանիզմներ: Թե որքանով է այդ փնտրտուքն արդյունավետ՝ առանձին խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա ինչպես տրամադրված էր կառուցողական փոխգործակցության առկա ձևաչափերի շրջանակներում, այնպես էլ տրամադրված է: Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների խզմամբ կամ նրանով, որ այդ հարաբերությունները փչանան:

Մյուս կողմից, Հայաստանի իշխանություններն արդեն մեկ տարի չէ, որ հասկացնում են, թե երկկողմ հարաբերությունների զարգացմամբ այնքան էլ շահագրգռված չեն, իսկ նրանց սիրտը Եվրոպական միությունում է կամ Միացյալ Նահանգներում՝ կախված ընթացիկ իրադարձություններից: Ընդ որում՝ Երևանը, թեև ընդգծում է Ռուսաստանի հետ դաշնակցության հարկադրված բնույթը և նշում, որ իր շահերը Արևմուտքում են, այնուամենայնիվ չի արագացնում ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու գործընթացը: Հայաստանը նույնիսկ դուրս չեկավ ՀԱՊԿ-ից, թեև սառեցրեց իր մասնակցությունը կառույցին: Կարծում եմ՝ դա կոմպլեմենտարության կամ բազմավեկտորության մի ձև է՝ ինչպես դա հասկանում է Հայաստանի ղեկավարությունը: Թե որքանով է այդ ընկալումը լավ երկրի արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից, ես չէ, որ պետք է դատեմ:

Իսկ Ռուսաստանում ինչպե՞ս են նայում այդ տրանսֆորմացիային:

– Չէ՞ որ տրանսֆորմացիան արդեն կայացել է: Եվ հիմա մենք նայում ենք ոչ թե փոփոխվող միտմանը, այլ նրան, թե ինչ ստացվեց այդ փոփոխությունների արդյունքում: Ռուսական մոտեցումը կայանում է նրանում, որ պետք է վերականգնել իսկապես դաշնակցային հարաբերությունները: Բայց, բնականաբար, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նույն դիրքորոշմանը հավատարիմ լինեն նաև Երևանում:

Չորեքշաբթի՝ հունվարի 14-ին, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ արտգործնախարարները, և որը ենթադրում է Միացյալ Նահանգների բավականին ակտիվ մասնակցություն Հայաստանի հարավում: Մենք չենք տեսել ինչ-որ կոշտ հայտարարություններ ռուսական պաշտոնական իշխանությունների կողմից այս նախագծի վերաբերյալ, մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների վերաբերյալ արձագանքը բավականին կոշտ էր: Ինչո՞ւ է ԱՄՆ մասնակցությունը ենթադրող դեպքում Ռուսաստանի վերաբերմունքն ավելի բարեհաճ կամ զուսպ:

– Տեսեք, ինձ համար դեռ անհասկանալի է Միացյալ Նահանգների մասնակցությունն այդ նախագծին: Այնտեղ ասված է, որ ստեղծվելու է ինչ-որ համատեղ ընկերություն, որտեղ բաժնեմասերը բաշխվելու են որոշակի ձևով, և Հայաստանի բաժինը մեծ չի լինելու ԱՄՆ-ի բաժնեմասի համեմատ: Ինչո՞վ է զբաղվելու այդ ընկերությունը: Եթե այն պարզապես շահագործելու է ճանապարհը, որն անցնելու է սահմանի երկայնքով, ապա ինչո՞վ է դա տարբերվում արգենտինական ընկերությունից, որը շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը երկարաժամկետ վարձակալության պայմաններով: Ինչի՞ դեմ այստեղ առարկել կամ ելույթ ունենալ:

Իսկ Եվրամիության առաքելությունը ռազմական ներկայություն է Հայաստանի՝ երրորդ երկրի տարածքում, թեև այդ մարդկանց «ուսադիրները միայն պահարաններում են»:

Մենք դեռ չգիտենք, թե պետական ինչ գործառույթներ են պատրաստվում Հայաստանի իշխանությունները փոխանցել այդ համատեղ ընկերությանը [ԱՄՆ-ի հետ]: Եթե այդ գործառույթները ներառեն մաքսային հսկողություն, սահմանային հսկողություն, ոստիկանական գործառույթներ, ապա արձագանք կլինի: Ի դեպ, այն արդեն եղել է: Երբ առաջին անգամ հայտարարվեց այդ ճանապարհի մասին, ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրեց, որ այնտեղ, որտեղ ծրագրվում է Հայաստանի սահմանի հատումը, իրականում անցնում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսային սահմանը: Քանի դեռ հրապարակավ չի հայտարարվել, որ այդ համատեղ ընկերությունն իրականացնելու է մաքսային և սահմանային հսկողություն, ինչի՞ համար է պետք հրապարակային արձագանքը:

Այսինքն՝ խնդիրները լուծվելու են ըստ դրանց ի հայտ գալո՞ւն:

– Կարծում եմ՝ դրանք լուծվում են ոչ թե ըստ ի հայտ գալուն, այլ ըստ դրանց գնահատման: Պարզապես հիմա, ելնելով ասվածից, հիմքեր չկան հատկապես հրապարակային արձագանքի համար: Իսկ այն խնդիրների մասով, որոնք կարող են առաջանալ՝ նկատի ունեմ մաքսային սահմանի հարցը, արձագանքն արդեն հնչել է:

VERELQ