Փաշինյանական կառավարության անդամները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս սենսացիոն հայտարարություններով, որոնք վկայում են նրանց մասնագիտական կատարյալ անպիտանիության և իրենց ենթակայության տակ գտնվող գերատեսչություններում տիրող բացարձակ անտերության մասին։ Ըստ էության, դրանում ոչ մի նոր բան չկա, բայց պաշտոնյաների հրապարակային խոստովանություններն առանձնակի նշանակալիություն ունեն, չենք խոսում արդեն այն մասին, որ նրանք ներսից հաճախ հիմարաբար բացահայտում են մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չէին:
ԱՅՍՊԵՍ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՈՒՂԻՂ ՏԵՔՍՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, որ այժմ իր գրասենյակի գլխավոր խնդիրը Եկեղեցու դեմ ուղղված ակտիվ իշխանամետ քարոզչությունն է սփյուռքահայերի շրջանում՝ միաժամանակ մեղադրելով մեր հայրենակիցներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները «ներքին վերլուծության ենթարկելու» անկարողության մեջ։ Այսինքն Սինանյանի արտասահմանյան անթիվ գործուղումների վրա բյուջեի ծախսերի նպատակը ոչ միայն Սփյուռքին հորդորելն է՝ աջակցելու Նիկոլին, այլև նրա ներկայացուցիչներին համոզելը՝ միանալու հայկական ինքնության կարևորագույն ինստիտուտի՝ ՀԱԵ-ի ոչնչացմանն ուղղված իշխանությունների հանցավոր արշավին։
Սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշեց, ըստ երևույթին, առաջ անցնել հանձնակատարից և հաջորդ օրը հրամցրեց ոչ պակաս ցինիկ անկեղծացումներ։ Նախևառաջ բառացիորեն աչքներիս առաջ գիրացող պաշտպանության նախարարը «պարզաբանեց» հայ հասարակայնությանը ցնցած հայտարարությունը, որը նոյեմբերի կեսերին արել էր ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։
Նա, մասնավորապես, հայտնել էր, որ Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորները խուզարկության են ենթարկվում ադրբեջանցիների կողմից։
«Կան վկայություններ, ես տեղերն էլ գիտեմ այդ դիրքերի, որտեղ մեր զինվորները գնում են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո։ Երկու օրվա սնունդ, երկու փամփշտատուփից ավելին ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Մինչև փոխարինող զինվորը չգա, այնտեղի զինվորներին թույլ չեն տալիս դուրս գալ։ …Այդ տղաներին պատանդ են պահում։ Այնտեղ մեր զորքն անցնում է նվաստացման միջով, և այս մասին մեր Պաշտպանության նախարարությունը գիտի. մեր զինվորներին զննում են՝ անգամ գրպանները»,- պատմել էր Քերոբյանը։
Եվ ահա միայն հիմա, այդչափ ցնցող հայտարարությանը հաջորդած շուրջ 2-ամսյա լռությունից հետո, Պապիկյանը որոշեց «պարզաբանել» իրավիճակը։ Բնականաբար, նա հերքեց ռազմական փորձագետի խոսքերը. իբր՝ ոչ մի զննում էլ չի անցկացվում։ Իսկ որպես փաստարկ բերեց այն փաստը, թե «ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում»։
Հետաքրքիր է, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե հայ զինվորներին հրահանգված է (ինչը կասկածից վեր է) անտրտունջ ենթարկվել ադրբեջանցիների զննություններին, այն էլ երբ նրանք ընդ որում իսկապես պատանդ են դառնում իրենց իսկ երկրի տարածքում:
«ԸՆՏՐԱՆՔԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է. ԿԱ՛Մ ՊԻՏԻ ԷԴ ԴԻՐՔԸ ԹՈՂՆԵՆՔ, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն: Բայց այն, որ էստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքն է»,- հայտարարեց նախարարը։
Տվյալ դիրքերը, ըստ նրա, գտնվում են Սև լճի շրջանում, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքներում, որոնց մի մասը՝ մոտ 250 քառ. կմ, 2021 թվականի մայիսից ի վեր բռնազավթել են ադրբեջանական զինված ուժերը։ Որոնք, հավելենք մեր կողմից, շատ ազատ են զգում իրենց այնտեց, բնակռում են ու ամրապնդվում։ Բայց Հայաստանի պաշտպանության նախարարը (!) դա չի անվանում բռնազավթում, նա նույնիսկ պարկեշտության համար չի խոսում հայկական հողերը թշնամու զորքերի ներկայությունից ազատելու անհրաժեշտության մասին։
«Այդ հարցերը կլուծվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։ Եվ այդ դիրքորոշումը չի փոխվելու, այդպիսին է, ըստ էության, կառավարության դիրքորոշումը, որը ես լիովին կիսում եմ (չէինք էլ կասկածում- Մ.Գ.): Ես կարծում եմ, որ նման որոշումը տևական խաղաղություն կապահովի մեր տարածաշրջանում»,- հանգիստ ասում է Պապիկյանը, առանց ինքն իրեն հարց տալու, թե ինչպե՞ս կարելի է բանակցել և համաձայնագիր կնքել մեկի հետ, որը շուրջ 5 տարի օկուպացված է պահում քո տարածքները և ամեն օր խոսում հետագա զավթախուժման մտադրությունների մասին։
«Հարցրեք նրանց, թե ոնց են մեր դիրքերը հայտնվել այնտեղ»: Այ այսպե՛ս. բոլոր մահացու մեղքերի մեջ մեղավոր «նախկիններ» են արդեն ոչ միայն նախկին, «նախահեղափոխական» իշխանությունների ներկայացուցիչները, այլև նրանք, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել արդեն Նիկոլի օրոք։
Պարադոքսը, սակայն, այլ է. Պապիկյանին չի մտահոգում այն ակնհայտ փաստը, որ ինչպես ինքն է բանակի համար կարևոր որոշումներ կայացնում բնավ ոչ միանձնյա, այնպես էլ իր նախորդներն են (որոնց մենք, բնականաբար, ամենևին չենք արդարացնում) նշանակվել նույն Փաշինյանի կողմից և գործել նրա հրամանով։ Եվ ուրեմն, ողջ պատասխանատվությունն ընկած է առաջին հերթին «գերագույն գլխավոր հրամանատարի» վրա, առանց որի հրամանի պաշտպանության ոչ մի նախարար չէր հանդգնի հանձնել պետության ինքնիշխան տարածքները։
Որպեսզի հետո հայտարարեր, թե հարցը, իբր, «կլուծվի սահմանազատման և սահմանագծման շրջանակներում»։ Ընդ որում, թե երբ և ինչպես է լուծվելու՝ իշխանությունները չեն ասում, միանգամայն հնարավոր համարելով բռնազավթման շարունակությունն անորոշ ժամանակով (տարիներ, տասնամյակներ), ինչպես նաև տարածքների հենց այն հանձնումը, ինչում այդքան վախենում է մեղադրվել Պապիկյանը։ Հավանաբար՝ որ չնմանվի Փաշինյանի նշանակած «նախկիններին»։
Անդրադառնանք, սակայն, նախարարի մյուս հայտարարություններին։ Օրինակ՝ այն մասին, որ «բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, դա բացառում եմ»։ Այստեղ հարցն անգամ այն չէ, որ ինքը՝ Պապիկյանը, լինելով ՊՆ ղեկավար, կանոնավորապես մասնակցում է իր շեֆի հակաեկեղեցական բոլոր միջոցառումներին։ Շատ ավելի մտահոգիչ է Հովհաննես աբեղա Թորգոմյանի երեկ հնչեցրած այն հայտարարությունը, որ «մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ»։
ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ՝ ՀՀ ԶՈՒ–ՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՆԱԼ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱՂԱՆԴԻ ՇԱՐՔԵՐԻՆ և դուրս գալ Հայ Եկեղեցու դեմ։ Ի՞նչ է սա, եթե ոչ նույնպիսի քարոզչական աշխատանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ինչպիսին ծավալել է Սինանյանը Սփյուռքում։
Վերջապես, ևս մեկ «հատակ» Պապիկյանից։ Մեկնաբանելով Կարեն Շաքարյանին Արցախի ԱԺ նախագահի հրամանագրով Արցախի հերոսի կոչումից զրկելը՝ նա արտաբերեց հետևյալ նողկալի արտահայտությունը. «Ես նման ինստիտուտ չեմ ճանաչում» (նկատի ունի Արցախի խորհրդարանը – Մ.Գ.)։ Ինչ-որ մտացածին, առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ իրենց վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք ողորմելի արարքներ են, կամ արվում են ինքնահաստատման համար, որպեսզի մեկընդմիշտ ընդգծեն իրենց գոյությունն ու ներկայությունը»։
Մենք չենք մտորի այն հարցի շուջ, թե ադրբեջանցի ո՞ր պաշտոնյայից է սույն սուբյեկտը թռցրել իր գարշելի հայտարարությունները։ Իսկ քանի որ դժվար է գտնել բառեր, որոնք կարող են բնութագրել դրանք, ապա մեջբերենք այդ առնչությամբ ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը:
«Ցինիզմն այն է, որ դու, 2023 թվականին լինելով պաշտպանության նախարար, չես ճանաչել նույնիսկ սեփական բանակը։ Բանակ, որը շրջապատված էր, մեկուսացված և հյուծված բառացիորեն ողջ ժողովրդի աչքի առաջ։ Բանակ, որն արյունաքամ էր լինում սեպտեմբերին, հայկական Արցախի վերջին օրերին… Քո ու քո ռեժիմի կողմից լքված բանակը, մնալով առանց աջակցության և մատակարարման, դիմադրում էր թե՛ թվաքանակով, թե՛ տեխնիկայով իրեն տասնապատիկ գերազանցող թշնամուն, և մեկ օրվա ընթացքում կորցրեց գրեթե 300 զինվոր, սպա և զորակոչված պահեստային։
Դու երես թեքեցիր սեփական զինվորներից ու սպաներից… Եվ այս ամենից հետո կանգնում ես մամուլի առջև, որպեսզի դատողություններ անես ինստիտուտների չճանաչման մասի՞ն»։
