Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ քննադատելով նրա մի շարք հայտարարությունները և ծաղրելով նրա առանձին ձևակերպումները։
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան տարակուսանք է հայտնել «երրորդ երկրների» մասին Փաշինյանի արած դատողությունների և հայ հոգևորականության շրջանում ՊԱԿ-ի սպաների մասին նրա հիշատակումների առնչությամբ։
«Ոչ, ինձ համար անհասկանալի է, թե որ երրորդ երկրի մասին է նա խոսում։ Չեմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը ում է նկատի ունենում, երբ խոսում է ՊԱԿ-ի աշխատակիցների մասին։ Ու՞մ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞։ Ինքն է խոսում հոգևորականներից։ Ես վստահ չեմ, որովհետև ենթատեքստից հասկանում եմ, որ նրա ընկալմամբ… Ոչ, բայց նա Հեյդար Ալիևի՞ մասին չի խոսում։ Ոչ, հանրապետության հոգևորականության մասին է խոսում»,- նշել է Զախարովան։
Զախարովան պարզաբանել է, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է այն հոգևորականներին, ովքեր, ըստ Փաշինյանի, նախկինում կարող էին կապված լինել Խորհրդային ՊԱԿ-ի հետ և այժմ, իբր, «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։
«Ա՜, մենք հենց նոր լսեցինք նրանց մասին։ Նրանք, ովքեր ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ի գործակալներ էին։ Եվ հիմա այս հոգևորականները, ըստ երևույթին, չեն կատարում նրա հրամանները, կամ դիմադրում են նրան, կամ փորձում են խելքի բերել նրան, ինչպես ինքն է ասում՝ փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։ Հիշեցնենք՝ մարտի 11-ին Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանում նշել է, որ երկիրը կշահի ցանկացած դեպքում՝ ինչպես ԵՄ-ին միանալու, այնպես էլ իր չափանիշները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով։
Մեկնաբանելով այդ դիրքորոշումը՝ Զախարովան հայտարարել է. «Դե, երրորդ երկիր, հասկանալի է, բայց դա Ռուսաստանի մասին է։ Չգիտեմ, դա բոլորովին անհասկանալի է։ Կարծում եմ, գիտեք, կա մեկը, ով ասում է, որ եթե իրենց ընդունեն ԵՄ, դա լավ բան է, բայց եթե նրանց չընդունեն ԵՄ, իրենք էլի կհաղթեն։ Նման մարդիկ սովորաբար իրենք իրենց են հաղթում շախմատում»։
Ըստ նրա՝ նման տրամաբանությունը կասկածելի է, իսկ եվրոպական ստանդարտների մասին իբրև անվերապահ բարօրություն ներկայացնելով հաշվի չի առնում իրական իրավիճակը ԵՄ-ում։
Զախարովան մատնանշել է ԵՄ տնտեսական դժվարությունները, դրանց թվում՝ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճը, միգրացիոն ճգնաժամը և էներգակիրների բարձր գները, որոնք, ըստ նրա, անդրադառնում են քաղաքացիների կենսամակարդակի վրա։
Նա նշել է նաև, որ եվրոպական ստանդարտներ ներդնելու Երևանի ցանկությունը, տարօրինակ է թվում, հաշվի առնելով, որ Հայաստանը չի մասնակցում դրանց մշակմանը։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ հանրապետությունը լիիրավ մասնակից է եվրասիական ինտեգրացիոն միավորումների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում որոշումների ընդունման գործընթացին։
«Հայաստանի տնտեսությունը, որն, ի դեպ, անցյալ տարի պահպանել է համաշխարհային միջինից բարձր աճի տեմպեր՝ ավելի քան 7-7,2%, մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերով»,- ընդգծել նա։
Եզրափակելով՝ Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի կարծիքով՝ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միաժամանակյա մասնակցությունն անհնար է։
«Դա կապված չէ որևէ քաղաքական գնահատականի հետ. դա Հայաստանի ինքնիշխան հարցն է։ Դա պարզապես փաստի արձանագրում է»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ղեկավարությունը կշարունակի կատարել ԵԱՏՄ-ի շրջանակում իր պարտավորությունները կամ հստակ կարտահայտի իր դիրքորոշումը։
News.am
