Логотип

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԼՈՒՅՍ 10-Ի ԳԻՇԵՐԸ 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ը 4 ՏԱՐԻ ԱՌԱՋ…

5 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ստորագրվեց եռակողմ հայտարարությունը 44-օրյա պատերազմի արդյունքներով, որն ավելի շատ հայտնի է որպես կապիտուլյացիայի հայտարարություն։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետո, հետևանքներն են. ավաղ, մեկ հոդվածի շրջանակը թույլ է տալիս անդրադառնալ դրանցից միայն մեկին։ Հայտարարության ստորագրումը ժողովրդի թիկունքում, հիշեցնեմ, նշանավորվեց զանգվածային բողոքով. վրդովված քաղաքացիները ներխուժեցին կառավարության և խորհրդարանի շենքեր, ծեծի ենթարկեցին խոսնակ Արարատ Միրզոյանին: Փաշինյանը ծվարեց ՊՆ Գլխավոր շտաբի բունկերում, թեև ավելի ուշ ժխտեց այդ տեղեկությունները, ասելով, թե ոչ մի տեղ չի թաքնվել:

ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԱՔՍԱԿԵՏ ՏԵՂԱԴՐԵՑ Գորիս-Կապան ճանապարհին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այն ժամանակ ձևացրեց, թե խոսքը անսպասելի քայլի մասին է, իբր՝ «ոչինչ հայտնի չէ, թե ինչ է ենթադրում այդ քայլը»։

ԳՇ նախկին պետ, Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանն իր հերթին փաստեց, որ Փաշինյանի ռեժիմն անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, որը «մաս-մաս են ներկայացնում ժողովրդին»: Հակոբյանը մաքսակետի տեղադրումից մի քանի ամիս առաջ հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը ադրբեջանցիներին է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ։ «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ ճանապարհին, իսկ նրանք, ովքեր միայն այսօր են զարմանում, ապա կա՛մ աշխարհագրություն չգիտեն, կա՛մ չեն հասկացել ստորագրված փաստաթղթի էությունը: Ստացվում է՝ այսօր Ադրբեջանն իր տարածքում անում է այն, ինչ ցանկանում է:

Եթե այսօր սահմանային անցակետ է տեղադրել, վաղը կարող է փորել այդ ճանապարհը ու այդտեղով տրանսպորտային միջոցների երթևեկը չթույլատրել կամ ձերբակալել այդտեղով անցնող մեր քաղաքացիներին՝ մեղադրելով Ադրբեջանի դեմ կատարած հանցագործության համար: Ամեն ինչ կարող է լինել»,- հայտարարեց գեներալը։

Հենց այդ ժամանակ Հակոբյանը մատնանշեց Սյունիքից Նախիջևան միջանցք ստանալու Ադրբեջանի ցանկությունը՝ վկայակոչելով Ալիևի խոսքերը. «Եթե միջանցք բառը ձեզ դուր չի գալիս, ապա կարող ենք Լաչինի միջանցքն էլ վերանվանել»: Մաքսակետը եռակողմ հայտարարության բնավ առաջին տեսանելի հետևանքը չէր։ 2021թ. նոյեմբերի 11-ից կես տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանցի զավթիչները ներխուժեցին Սյունիքի Սև լճի և Իշխանասարի շրջակայք։ Այդ ներխուժումն անասելի «զարմացրեց» այն ժամանակ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, նա ասաց, թե ադրբեջանցի զինվորականները մոլորվել են:

Փաշինյանը նույնպես ձևացրեց, թե իր համար այդ ներխուժումը կատարյալ անակնկալ է, նույնիսկ հիշատակեց դիվերսիայի մասին։ Իրականում նրան հայտնի էր, որ ներխուժումը կապիտուլյացիայի հայտարարության օրինաչափ հետևանքն էր, հաջորդ քայլը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի նկատմամբ վերահսկողության սահմանումն էր։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ՄԱՅԻՍԻ 12-Ի «ՊԱՅՄԱՆԱՎՄՐՎԱԾ» ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ 44-օրյա «պայմանավորված» պատերազմի հետևանքն էր, հենց այդ պատճառով էլ ՀՀ սահմանապահ ստորաբաժանումներին հրաման էր տրված չկրակել: Զավթիչների դիրքերը գտնվում էին (և մինչ օրս էլ գտնվում են) հայկական դիրքերի անմիջական հարևանությամբ, զինվորների միջև հաճախ ծեծկռտոց էր առաջանում: Ռեժիմի վերնաշերտը ստում էր ժողովրդին, թե զավթիչները ճանապարհներ չեն կառուցում ծանր ռազմական տեխնիկա բերելու համար։ 2021 թվականի նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմը հակառակն ապացուցեց։ Այդ ժամանակ հայ զինվորականները զենք կիրառելու թույլտվություն ստացան և հետ մղեցին հայկական տարածքում խորանալու զավթիչների փորձը։

Չկրակելու հրամանը տրվել էր Փաշինյանի գիտությամբ, այլ կերպ չէր կարող լինել։ Այդ առնչությամբ պատգամավորական առճակատ հարցին Փաշինյանը պատասխանեց, որ չկրակելու հրաման կարող էր տալ միայն դավաճանը։ Հաջորդ օրը գրեթե բոլոր պարբերականները գրեցին, որ Փաշինյանը խոստովանեց իր հանցանքը երկրի ամենաբարձր ամբիոնից…

2021թ. նոյեմբերի 11-ին Անվտանգության խորհրդի քարտուղարն արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաև՝ անձնագրերի ստուգում»։ Այս խոսքերը բացարձակ սուտ են, քանզի վարչախմբի վերնաշերտը կանխավ տեղեկացվել է և գաղտնի համաձայնություն տվել Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի զավթմանը, ինչպես որ նախապես տեղեկացված էր Սյունիք ադրբեջանցիների ներխուժման մասին։ Ներխուժմանը հաջորդեց սողացող բռնազավթումը, որի արդյունքում այսօր հայկական ինքնիշխան տարածքի ավելի քան 240 քառ. կիլոմետրը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Իրադարձությունները, որոնց մասին խոսում ենք, տեղի են ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ էր Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, սակայն հույս կար, թե կհաջողվի պահպանել հայկական երկրորդ հանրապետության փոքրիկ մասը: Նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Թևան Պողոսյանն օրերս հայտարարեց, որ «միջանցքի» հարցը դրված է եղել եռակողմ հայտարարության մեջ (կետ 9), պայքար էր ընթանում հաղորդակցության ուղիների վերահսկման համար: Այն ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ագրեսիա կձեռնարկի 5 ուղղություններով. Գորիս, Կապան, Սոթք, Ջերմուկ, Իշխանասար, իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում։

Դրանից հաշված ամիսներ անց՝ դեկտեմբերի 12-ին, Ալիևը սկսեց շրջափակումը, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի հայ բնակչության ցեղասպանությամբ և բռնի տեղահանմամբ։ Հայ արևմտամետները մինչ օրս Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունն անվանում են «Հայաստանի վերացման ռուս-թուրքական գործողություն» («Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյան): Եթե դա այդպես է, ապա պետք է ընդունել, որ Փաշինյանը մասնակից է այդ «գործողությանը», դրա տակ նաև նրա ստորագրությունն է…

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ՝ 3 կողմերի մասնակցությամբ։ Ալիևն ու Փաշինյանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը նախագահ Թրամփի վկայությամբ։ Այդ ժամանակից ի վեր ռեժիմի քարոզչամեքենան փորձում է համոզել ժողովրդին, թե նախագահ Պուտինի մասնակցությամբ Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունն ուղղված էր հայկական շահերի դեմ, քանի որ Պուտինը Ալիևի կողմից էր: Անկախ վերլուծաբանները պնդում են, որ այդ հայտարարությունը ստորագրվել է Արցախի հայ բնակչությունը պահպանելու նպատակով, ինչը համապատասխանում էր Ռուսաստանի շահերին: Արևմտյան վեկտորի կողմնակիցները խոսում են այն մասին, թե օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ արդեն հունվարին Թուրքիան կբացի ՀՀ-ի հետ սահմանը, թեև պաշտոնական Անկարան բազմիցս նշել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն անմիջականորեն կապված է ՀՀ-ի կողմից Ալիևի բոլոր պահանջների կատարման հետ։

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆՑԱԾ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ տարածաշրջանը փոխվել է անճանաչելիորեն, իսկ Հայաստանի գլխավերևում կախվել է պետականության կորստի վտանգը։ Օգոստոսի 8-ից հետո Փաշինյանին չհաջողվեց զանգվածներին պարտադրել խաղաղության դարաշրջանի գալուստի մասին միտքը, բոլորն էլ հասկանում են, որ խոսքը ոչ թե երկարաժամկետ խաղաղության, այլ միայն ժամանակավոր հրադադարի մասին է։ Այդ հրադադարը կարող է խախտվել ցանկացած օր…

Ասեմ ավելին. մորատորիումի խախտման սպառնալիքն օրեցօր ավելի ու ավելի ցայտուն գծեր է ստանում, սակայն Փաշինյանի քարոզչամեքենան շարունակում է ստել ժողովրդին, թե, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքն ու «Թրամփի ճանապարհը» նույն բանը չեն։ Ժողովրդին ներշնչում են նաև, թե իբր՝ տեսեք, ինչ լավ է, որ Ալիևը խոսում է ոչ թե տանկերով, այլ մեքենաներով Հայաստանի տարածք առաջիկա ներխուժման մասին։ Իսկապես, ինչո՞վ «ուրախության առիթ» չէ:

Թրամփի ներկայությամբ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փորձում են մատուցել իբրև տևական խաղաղության երաշխիք, մինչդեռ 2020-ի հայտարարության մասին խոսվում է ոչ այլ կերպ, քան «Հայաստանի վերացման ռուս-թուրքական գործողության», ասես՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը։

Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը ռեժիմի քարոզչամեքենան որակում է որպես չգործող փաստաթուղթ, իսկ օգոստոսի 8-ին ստորագրվածները՝ իբրև երկարաժամկետ խաղաղության, բոլոր ուղղություններով նոր կոմունիկացիաների կառուցման և տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։ Առայժմ այդ թեմայով լոկ բառեր են հնչում. Ալիևը Սևանին թուրքերեն անվանում է տալիս, իսկ Երևանում ուրախանում են, որ հացահատիկի խմբաքանակը մինչև Հայաստան հասնելն անցել է Ադրբեջանի տարածքով: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն այս առիթով հայտարարեց, որ «տվյալ երկաթուղային հաղորդակցությունը հնարավոր դարձավ ոչ թե «Թրամփի ճանապարհի» շնորհիվ, այլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն. ռուսական ցորենը ոչ մի կերպ չէր կարող Հայաստան ժամանել «Թրամփի ճանապարհով»:

Իրական ընդդիմության ներկայացուցիչները չեն թաքցնում մտահոգությունը, որ Փաշինյանը ժողովրդի թիկունքում արդեն խոստացել է Սևանը՝ կոմունիկացիաների բացման և 2026թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի վերարտադրության դիմաց։ Նա ամեն օր պարծենում է, թե սահմանին չեն կրակում։ Նրան պատասխանում են, որ Արցախում նույնպես այսօր չեն կրակում, որովհետև այնտեղ հայեր չկան, իսկ ադրբեջանցի զավթիչները 2021 թվականից նստած են Շորժայի բարձունքներում, որտեղից տարվա ցանկացած եղանակի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևան։

15 վագոն հացահատիկի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորություն են ստացել ամրապնդելու պետական ինքնիշխանությունը: Բավական ցուցանշական հայտարարություն, եթե հաշվի առնենք, որ 3 մարզերի տարածքները մասամբ բռնազավթված են։ Փաշինյանն ասում էր, թե Արցախը հանձնել է Հայաստանը փրկելու համար։ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը վերաբերում էր Արցախի Հանրապետությանը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Հայաստանին։ Փաշինյանը փորձում է համոզել ժողովրդին, թե «կապիտուլյացիա-2»-ը ամենևին էլ կապիտուլյացիա չէ, այլ տարածաշրջանում խաղաղության «պատմական հնարավորություն»։ Ալիևն իր հերթին խոսում է Սևանի մասին, և սա ամենից ակներև վկայությունն է, որ Սյունիքի հարցը նրա համար արդեն լուծված է…