Պարզվում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանը։ Տխմարության գլուխգործոց հանդիսացող այս միտքն արտահայտել է իշխող թիմի ամենից ինքնասիրահարված անդամը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատկերացնո՞ւմ ենք, թե ինչպես է հռհռացել Ալիևը՝ տեղեկանալով, որ Հայաստանն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է։ Հռհռացել է այն ընբռնումից, թե որքան ողորմելի կարող է լինել մարդը, որն Ադրբեջանի հետ հարաբերություններում իր թիմի պարտվողական դիրքորոշումն արդարացնելու ճիգերի մեջ հասել է այն աստիճանի, որ բացահայտ հիմարություններ է բարբաջում։ Ալիևն, իհարկե, կարող էր ասել Սիմոնյանին, որ թքած ունի Հայաստանի տված անվտանգության երաշխիքների վրա։ Բայց նա դա չի ասի, քանի որ խորապես թքած ունի նաև Սիմոնյանի վրա։
ԻՍԿ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է, ԱՊԱ ԴԱ Է՛Լ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է։ Անվտանգության երաշխավոր, որն Արցախից վտարել է հայերին։ Երաշխավոր, որը նստած է հայկական տարածքներում և հեռանալ բնավ մտադիր չէ։ Երաշխավոր, որը պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը, այլապես չի ստորագրի նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» անվանյալ թուղթը։ Երաշխավոր, որը պահանջում է իրեն տալ «Զանգեզուրի միջանցք», և որ ոչ մի հայ սահմանապահ կամ մաքսավոր չհամարձակվի երևալ ադրբեջանցու աչքին, որն այդ «միջանցքից» օգտվելու է ինչպես ցանկանա, երբ ցանկանա։
Երաշխավոր, որն ասում է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը» ժամանակի հարց է, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է չհամարձակվի հիշատակել Արցախը, նրա մշակութային և կրոնական ժառանգությունը: Եվ այլն…
Իրականում Ալեն Սիմոնյանը գործում է բոլոր ինքնագոհ նարցիսներին բնորոշ սխալը. վերջիններս շփոթում են սեփական սիրելի անձը պետության հետ: Սեփական շահերը՝ պետության և ժողովրդի շահերի։
Իսկ ընդհանրապես Ադրբեջանը, այո, անվտանգության երաշխավորն է։ Փաշինյանի, Սիմոնյանի և նրանց ամբողջ թիմի անվտանգության երաշխավորը։ Էրդողանի հետ միասին։ Նրանց՝ Հայաստանում իշխող թիմի անվտանգության ամենահուսալի երաշխավորները։ Եվ ինչպես Փաշինյանը, այնպես էլ Սիմոնյանն ու նրանց հարաբերականորեն ադեկվատ բոլոր թիմակիցները դա հասկանում են, քանզի նույնիսկ թիկնազորով զինված՝ վարչապետն ու խոսնակը ազատ տեղաշարժվել չեն կարողանում, շարունակ միջադեպեր են առաջանում։
Էրդողանն ու Ալիևը իշխող վերնաշերտի անվտանգության միակ երաշխավորներն են, որը հենց այդ պատճառով էլ ջանադրաբար կատարում է նույն ցեղի երկու պետությունների ղեկավարների բոլոր հրահանգները։ Իշխան Սաղաթելյանի խոսքերով՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Ալիևի պահանջների փուլ առ փուլ կատարման ծրագիր:
Ուստի այնտեղ նախանշված են և՛ Սահմանադրության փոփոխումը, և, սահմանազատումն ու սահմանագծումը, ինչը նշանակում է նոր տարածքների հանձնում Ալիևին։ Իշխող կուսակցության ծրագրում հանգամանորեն գրի է առնված նաև պայքարը Եկեղեցու դեմ, որին Փաշինյանը, ընտրություններում իր հաղթանակի դեպքում, մտադիր է պառակտել և իրենով անել մնացորդները. վերածել Հայ Առաքելական Եկեղեցին Փաշինյանի Հայաստանի Առաքելական եկեղեցու։
Միակ բանը, որ լավատեսություն է ներշնչում, այն է, որ Փաշինյանը խոստացած ամենը փոխարկվում է ճիշտ հակառակը։ Լավագույն օրինակը նրա 2021 թվականի նախընտրական ծրագիրն է, որը, ինչպես պարզվեց, օճառի պղպջակ էր։ Այն ամենը, ինչ գրված էր այնտեղ, կա՛մ չի արվել, կա՛մ արվել է ճիշտ հակառակը։ Այնպես որ վստահ ենք, որ այս ծրագիրն էլ իրագործման հնարավորություն չունի, նույնիսկ անկախ նրանից, թե ով կհաղթի առաջիկա ընտրություններում։
