ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպական ներկայացուցիչներն ամեն ինչում տեսնում են Մոսկվայի միջամտությունը։ Ամենուր և ամեն ինչում: Սա հին երգ է, նրանք կատարելապես գիտեն այս երգի նոտաները, և իհարկե, Հայաստանի ընտրությունների դեպքում նույնպես կերգեն այն», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Մոսկվայի՝ հայաստանյան ընտրական գործընթացին իբր միջամտելու հետ կապված եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար: Նրա խոսքով՝ Բրյուսելը «Հայաստանին մենակ չի թողնի. ճնշման ներքո գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»: Իսկ մարտին եվրակոմիսար Մարթա Կոսը Երևանում հայտարարել էր մի շարք երկրներում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելու «որոշ դերակատարների չարամիտ փորձերի» մասին՝ հիշատակելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը եվրոպական պաշտոնյան բացատրել էր ընթացիկ պատերազմների, մասնավորապես, տարածաշրջանի հաղորդակցությունների ֆոնին Հարավային Կովկասի աճող նշանակությամբ ու դերով։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԵՄ-ից նման փորձագիտական խմբի Հայաստան ուղարկելը «մոլդովական սցենարի ակնհայտ կրկնությունն է»։
Sputnik Արմենիա
