Առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել Իրան–Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:
Նռանյանի խոսքով` Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման այլ հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը` այդ երկիրը ձևավորում է ատոմային էներգիայի հզորություններ, որոնք ինքը կարտահանի, ենթադրաբար, Եվրամիություն: Էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան մրցունակ է միայն տարվա այն կարճ ժամանակահատվածում, երբ այդ երկրում հիդրոէլեկտրակայանները դեռ չեն աշխատում ամբողջ հզորությամբ։
Ըստ նրա` դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գծի գործարկմանն այլընտրանք չկա, քանի որ իրանական շուկան Հայաստանի համար գրեթե անսպառ է։ Շինարարության ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են, բայց կարելի է հուսալ, որ մոտ ժամանակներս դրանք կավարտվեն։
Նախագծի իրականացումն ուղեկցվել է դժվարություններով. այն սկսել են պլանավորել դեռևս 2012–ին, շինարարությունը մեկնարկել է միայն 2017–ին, իսկ ավարտման ժամկետները բազմիցս հետաձգվել են, այդ թվում` իրանական կապալառուի (Sunir ընկերության) ֆինանսական խնդիրների պատճառով:
Ներկայում Հայաստանին և Իրանին միացնում են 110 և 220 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման երկու գծեր: 400 ԿՎտ երրորդ գիծը երկու երկրների միջև փոխհոսքերի հզորությունը 350–ից կհասցնի 1200 ՄՎտ–ի։ Դա թույլ կտա ընդլայնել հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը իրանական գազի դիմաց։ Էլեկտրաէներգիայի մի մասը, որն այդ վառելիքով արտադրում են հայկական ՋԷԿ–երը, տեղափոխվում է Իրան։ Ավելցուկը մնում է Հայաստանում։
Sputnik Արմենիա