Հայաստանում առ այսօր բացակայում է ինչպես նվազագույն աշխատավարձի հաշվարկման հստակ և պաշտոնապես հաստատված մեթոդաբանությունը, այնպես էլ ապրանքների և ծառայությունների բազային փաթեթի սահմանումը: Այս մասին ասվում է «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանում» հետազոտության մեջ, որը ներկայացվել է ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայում:
2004 թվականին ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պետք է պաշտոնապես հաստատեր նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Նույն 2004 թվականին ընդունված Աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսվում է աշխատավարձի դասակարգում, բայց այդ կարգը ևս առայժմ չի ընդունվել:
ՀՀ վիճակագրական կոմիտեն ոչ պաշտոնապես հաշվարկում է նվազագույն պարենային զամբյուղը երկու եղանակով։ Առաջինը՝ ըստ առողջապահության նախարարության նորմերի, որոնցում սահմանված են նվազագույն անհրաժեշտ մթերքների տեսականին և քանակը։ Զամբյուղի արժեքը հաշվարկվում է հանրապետության ողջ տարածքում պարբերաբար գրանցվող գների հիման վրա:
Երկրորդ եղանակը հիմնված է Համաշխարհային բանկի մեթոդով տնային տնտեսությունների հետազոտության վրա՝ ըստ այն տվյալների, թե իրականում որքան են ընտանիքները ծախսում որոշակի ապրանքների վրա: Այս զամբյուղի բաղադրությունն ավելի փոքր է:
Նշված մեթոդներից ոչ մեկը պաշտոնական կարգավիճակ չունի։
Կենսապահովման նվազագույն բյուջեն, որը ներառում է ոչ պարենային ապրանքներ և ծառայություններ, հաշվարկվում է պայմանականորեն՝ պարենային զամբյուղը բազմապատկվում է 1.85 գործակցով, որը մոտավորապես արտացոլում է հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների արժեքը:
Թեև նվազագույն սպառողական զամբյուղը իրավական առումով փոխկապակցված չէ նվազագույն աշխատավարձի հետ, սակայն իշխանությունների համար գործնականում այն ուղենիշ է։ Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2023 թվականի հունվարի 1-ին՝ 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` կենսապահովման նվազագույն բյուջեն կազմել է 78 290 դրամ (200 դոլարից մի փոքր ավելի)։
Հետազոտության հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու և Երևանի պետական համալսարանի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ երկրում նախկինի պես չկա ո՛չ նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանություն, ո՛չ էլ դասակարգման մեխանիզմ։
«Երկուսն էլ փոփոխվում են ըստ իրավիճակի՝ ելնելով բյուջետային հնարավորություններից։ Ստացվում է այնպես, որ եթե այս ամենը հաշվարկենք ամբողջական և իրատեսական բազային աշխատավարձի հիման վրա, ապա կարող է պարզվել, որ նվազագույն աշխատավարձն անիրատեսական է, իսկ դա կհանգեցնի բարձր գնաճի: Բայց կառավարությունը գոնե կարող է թիրախ դնել և 5-10 տարվա համար ճանապարհային քարտեզ կազմել», – ընդգծում է նա։
Հավելենք, որ հետազոտության շրջանակներում նաև հարցում է անցկացվել մի քանի թիրախային խմբերի հետ:
Ցածր՝ միայն տրանսպորտի և ամենօրյա սննդի համար բավարարող աշխատավարձ ստացող ուսանողներն ասում են, որ 4 հոգուց կազմված ընտանիքին ամսական առնվազն 250 հազար դրամ (մոտ 650 դոլար) է անհրաժեշտ միայն սննդի համար:
4 և ավելի անդամ ունեցող ընտանիքների խմբում ևս նշվում են նման գումարներ:
Կան նաև անանուն պատասխաններ, օրինակ՝
«Մեր ընտանիքում 7 հոգի ենք, նրանցից աշխատում են 3-ը, սննդի համար 150 հազար դրամ ենք ծախսում»։
«Ընտանիքում 6 հոգի ենք, այդ թվում 2 անչափահաս, 2 թոշակառու։ Մթերքի վրա ծախսվում է 250 հազար դրամ, գուցեև ավելի շատ։ Ավելի քիչ չի ստացվում»։
«Ես ու ամուսինս աշխատում ենք, գյուղից եկամուտ ունենք, գումարած նաև նրա ծնողների թոշակը, բայց, միևնույն է, հազիվ է բավարարում։ Իսկ եթե առողջական խնդիր է առաջանում, կանգնում ես փաստի առաջ»։
