Логотип

ՆՐԱՆՔ ԱՅԼ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Հայաստանի քաղաքացիներն ամենից առավել մտահոգված են անվտանգության հետ կապված խնդիրներով, վկայում են այս տարվա մարտին Gallup International-ի անցկացրած սոցհարցման արդյունքները, հաղորդում է Sputnik Արմենիան։

Հետազոտության արդյունքների մասին հայտնեց կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը մամլո ասուլիսում: Այն հարցին, թե որոնք են երկրի առջև ծառացած ամենաարդիական խնդիրները, հարցվածների 45,8%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 14,9%-ը՝ գործազրկությունը, 13,5%-ը՝ տնտեսական վիճակը, 10,7%-ը՝ ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները:

Քաղաքացիներին մտահոգում է նաև սահմանների հստակեցման խնդիրը՝ 9,8%, կրթական համակարգը՝ 9,7%, գնաճը՝ 8,6%, առողջապահական համակարգի վիճակը՝ 5,1%, արտաքին քաղաքական խնդիրները՝ 2,4%, բարձր հարկերը՝ 1,3%, այլ խնդիրներ՝ 20,9%:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՕՐԻՆԱՉԱՓ ՈՒ ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ։ Կանգ չենք առնի հայ հասարակությանը հուզող կոնկրետ սպառնալիքների վրա։ Դրանք ակներև են։ Տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքը գործող կառավարության գերակայությունների հետ հասարակական կարծիքի վիթխարի անհամապատասխանության մասին է։ Դա (անհամապատասխանությունը) պարզապես աչքի է զարնվում այն օրինակով, թե ինչպես է կառավարությունը տնօրինում բյուջեի միջոցները՝ այն հարկատուների փողերը, որոնց գրեթե կեսը, կրկնեմ, պետության համար ամենաարդիական խնդիրն է համարում անվտանգության ապահովումը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն ու ծախսերն աճել են 9,4%-ով։ Փաստն, իհարկե, ընդհանուր առմամբ դրական է։ Բայց պարզվում է, որ նման էական աճի խորապատկերին պարզապես անկումային նվազել են պաշտպանական ծախսերը։ Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ՝ այս տարի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը կրճատվել է 45,4%-ով: Այս ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքը ցույց են տալիս նաև այլ թվեր. պաշտպանության համար հատկացվել է (2026-ի հունվար-փետրվարին) գանձարանի ընդհանուր ծախսերի ընդամենը 8,5%-ը։ Նշենք, որ անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 17,8%։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ կառավարության ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ, որոնք (հարցերը) ամենից առավել են մտահոգում միջին վիճակագրական հարկատու քաղաքացուն, կտրուկ նվազել է։ Կառավարությունն այժմ բոլորովին այլ գերակայություններ ունի։ Ինչպիսի՞։ Նայենք վիճակագրությանը:

2026թ. հունվար-փետրվարին ավելի քան 2 անգամ աճել են բյուջեի ծախսերն առողջապահության վրա։ Մեկ երրորդով ավելացել են պետգանձարանի ծախսերը սոցիալական պաշտպանության վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերի կառուցվածքում առողջապահության մասնաբաժինը կտրուկ աճել է՝ 5%-ից հասնելով 9,6%-ի, իսկ սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը (կենսաթոշակներ, նպաստներ) անցած տարվա 33,2%-ից հասել է 40,6%-ի:

Պետական ֆինանսավորման առաջնահերթությունների նման վերաբաշխումն ակնհայտորեն կապված է գործող իշխանության նախընտրական պոպուլիզմի հետ։ Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի և պարգևավճարների բարձրացումը, ըստ էության, պետք է օգնի գործող իշխանություններին բարելավել սեփական վարկանիշը։ Նա (իշխանությունը) այնքան է տարվել այդ խնդրով, որ որոշել է ավելացնել սոցիալական ոլորտի ֆինանսավորումը անվտանգության ծախսերի նվազեցման հաշվին։ Եվ այդտեղ, դատելով ամենից, սաստիկ սխալվել է։ Համենայնդեպս, ինչպես պարզվում է, բնակչության մեծամասնությունը, հարցման տվյալներով, պատրաստ չէ զոհաբերել երկրի անվտանգությունը հանուն փողի։ Հիշեցնենք, որ ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները ամենաարդիական խնդիր է համարում հարցման ենթարկվածների ընդամենը 10,7%-ը, իսկ անվտանգության խնդիրները՝ 45,8%-ը:

Իշխանության և ժողովրդի գերակայությունների այսչափ մեծ անհամապատասխանությունը վկայում է թերևս մեկ բանի մասին. այս ժողովուրդը և այս իշխանությունը պարզապես անհամատեղելի են…