Արցախ վերադառնալու հարցը յուրաքանչյուր արցախցու իրավունքն է, ու այդ հարցը չի կարող փակվել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր իրավունքն է՝ միջազգային տեսակետից, և մենք չենք պատրաստվում դրանցի հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, դա մեզ համար փակ հարց չէ»,- ասաց Շահրամանյանը։
Ինչ վերաբերում է «ինչպես» հարցին, Արցախի նախագահը նշեց՝ դա քննարկումների հարց է, պետք է ստեղծվի հնարավորություն բանակցություններ անցկացնելու համար։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը` Շահրամանյանը հիշեցրեց՝ իրենք դրան դեմ են արտահայտվել, քանի որ դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր՝ Արցախի հարցով զբաղվելու համար, սակայն Մինսկի խմբի գոյության պայմաններում էլ հնարավոր դարձավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունի, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։
«Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը, Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը՝ այդ ամենն իրագործվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Ասում է՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, ապա հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, ընտրել է ինքը այդ քաղաքական ուժին, կրում է իր բաժին պատասխանատվությունը, և ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում՝ ընտրությունների պարագայում, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի»,–ասաց նա։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
Sputnik Արմենիա